Երևանում կա 17 գերեզմանատուն, որոնք հիմնականում բարձրադիր են: Սա վերջին շրջանի միտում չէ, այլ գալիս է հին ժամանակներից: Իսկ խորհուրդն այն է եղել, որ մահից հետո հանգուցյալը պետք է բարձր դիրքում գտնվի, վերևից նայի: Այս մասին տեղեկացրեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը:
Երևանի ամենամեծ գերեզմանոցի՝ Սովետաշենի տարածքում, որը 57 հեկտար է զբաղեցնում, սողանքներ են սկսվել, ինչի արդյունքում շատերը տեղափոխում են իրենց հանգուցյալներին: Բայց ստեղծված իրավիճակը նաև համաճարկային խնդիրներ է ի հայտ բերում:
Առողջապահության նախարարության պետական հիգիենայի և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանից տեղեկացանք, որ ՀՀ օրենսդրությունը պահանջում է, որպեսզի գերեզմանատները չտեղակայվեն բաց ջրամբարների, գետերի, լճերի ափերին, խմելու մատակարարման աղբյուրների, հանքային ջրերի, աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներում, և այլն: Դրա նպատակը շրջակա միջավայրը աղտոտվածությունից և համաճարակներից պահպանելն է: Այնինչ, Սովետաշենի գերեզմանոցը գտնվում է բլրապատ տարածքում:
Սողանքի համար երեք գործոն է պետք՝ թեքություն, գրունտային ջրերի մակարդակ, որոնք ստեղծում են սահքի մակերես, և կավի գոյություն, որը ջրամերժ է: Սովետաշենի գերեզմանոցում վերը թվարկված բոլոր երեք գործոններն էլ առկա են,- ավելացրեց Աշոտ Խոյեցյանը: Նրա խոսքերով, այս խնդիրը տասնյակ տարիներ է, ինչ բարձրաձայնվում է, և արդեն ժամանակն է, որ իրավասու մարմինները զբաղվեն խնդրով, քանի որ հետագայում կարող ենք անցանկալի հետևանքների առաջ կանգնել: Հատկապես այն դեպքում, երբ այդ գերեզմանոցը գտնվում է քաղաքապետարանի իրավասության տակ և դեռևս համարվում է բաց գերեզմանոց: Իսկ խնդիրն այստեղ այն աստիճան է ահագնացել, որ հարազատներից շատերն իրենց հանգուցյալներին տեղափոխում են այլ գերեզմանատներ:
Ամենասարսափելին այն է, որ նույն գերեզմանոցի տարածքի սահմաներում կան հողակտորներ, որոնք մշակվում են: Գրունտային ջրերը, որոնք անցնում են գերեզմանատան տարածքով, խառնվում են ոռոգման ջրերի հետ: Միանշանակորեն վտանգ կա: Տեղին է նկատել, որ կան եվրոպական ստանդարտներ. այն միրգը, որը վաճառվում է անմիջապես գերեզմանոցներին հարակից տարածքներում, պարտադիր անհամեմատ ավելի ցածր գնով է վաճառվում, քան այն բերքը, որը վաճառվում է այլ տարածքներից: Մեր օրենքով սահմանված է, որ իրավունք չկա գերեզմանոցին 40 մետրից ավելի մոտ որոշակի տնտեսական գործառույթ իրականացնել: Իսկ գերեզմանոցի մոտ կան տներ, որոնց դուռը բացվում է հենց դեպի գերեզմանոց: Բայց արի ու տես, որ առողջապահության նախարարության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակային վարչության բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը հավատացնում է, որ վարակիչ հիվանդությունների վտանգ այս պահին չի արձանագրվել և չկա: Սակայն խորհուրդ տվեց ցանկացած միրգ կամ բանջարեղեն ուտելուց առաջ լավ լվանալ:
Այս խնդրից զատ, Հայաստանի սակավահողությունը, ըստ Աշոտ Խոյեցյանի, առաջ է բերում մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հիմնախնդիր: Նրա խոսքերով, Երևան քաղաքում ամեն ամիս մահանում է 500-600 մարդ: Եթե տարեկան կտրվածքով վերցնեք՝ դա կազմում է 6 -7 հազար մարդ: Այս բոլոր ընդհանրական հաշվարկներում տարեկան մահացությունը հասնում է 21 հազարի: Եվ եթե հաշվի առնեք այն հանգամանքը, որ Հայաստանում հուղարկավորության պրոցեսը վեր է ածվում ծեսի ու պաշտամունքի, և հողատարածքների նկատմամբ մարդկանց հետաքրքրությունն աճում է, կանգնում ենք լուրջ խնդրի առաջ: Ու ոչ ոք չի հարցնում, թե ինչի հաշվին են հատկացվում այս հողատարածքները: Էլեմենտար հաշվարկ է իրականցվել, որի համաձայն՝ 2020 թ. Երևան քաղաքում ևս 300 հեկտարով ավելանալու են գերեզմանոցներին հատկացված հողատարածքները: Այսօր 560 հեկտար է: Եվս 300 հեկտար՝ Երևան քաղաքի 11-12 տոկոսից ավելին, միայն գերեզմանոցի տակ է ընկնում: Նույն տեմպերով զարգացման դեպքում 2050 թ. մեր քաղաքի 30-40 տոկոսը կլինի գերեզմանոց, և արդեն լուրջ խնդիրներ կառաջանան:
Դիակիզումը շատ թանկ հաճույք է և, բացի այդ, մեր ազգային մենթալիտետին խորթ է: Իսկ որպես մեկ այլ այլընտրանք՝ օրենքը թույլ է տալիս 10-15 տարի հետո նույն տարածքում մեկ այլ հուղարկավորություն կատարել: 2012-ին կծնվի աշխարհի 7-միլիարդերորդ բնակիչը, և, վաղ թե ուշ, այս աշխարհը, այդ թվում և Հայաստանը, ստիպված է լինելու դիմել այդ տարբերակներից որևէ մեկին:





































