ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ մեկնարկել է ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ նոր վարչապետի անունը հրապարակելուց առաջ, ըստ Սահմանադրության, նախագահը պետք է քաղաքական խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական ուժերի հետ: Այն, որ ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունենալու 16.00-ին, լրագրողների հետ զրույցում հաստատել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Դաշնակցական պատգամավորները նախագահական նստավայր են մտել հավանաբար ետնամուտքով, որովհետև կենտրոնական մուտքի մոտ հավաքված լրագրողները չեն տեսել նրանց ներս մտնելը:
Հիշեցնենք նաեւ, որ երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ արդեն Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին կներկայացնի նոր վարչապետի թեկնածուին:










































