Բելգիայում մոտ 1.5 տոննա մաքսանենգ փղոսկր է ոչնչացվել հատուկ միջոցառման ժամանակ՝ նվիրված որսագողության դեմ պայքարին և փղերի փրկությանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ յուրաքանչյուր 15 րոպեն մեկ որսագողերի մեղքով 1 փիղ է ոչնչանում:
Այս շաբաթ ԵՄ-ն մտադիր է գագաթնաժողով անցկացնել՝ նվիրված փղոսկրի մաքսանենգության դեմ պայքարի նոր միջոցառումների ընդունմանը:
Ոչնչացումն իրականացվել է Տերվյուրեն քաղաքում: Մանրացված հատվածները կտրամադրվեն դպրոցներին, որպեսզի աշակերտները դրանցից քանդակներ պատրաստեն: Դրանցից մի քանիսը տեղ կգտնեն Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Համաձայն վիճակագրության՝ մայրաքաղաքի օդանավակայանում իշխանություններն ամեն տարի մոտ 150 կգ փողսկր են առգրավում:
Հիշեցնենք, որ փետրվարին Փարիզում ցուցադրաբար ոչնչացվել էր մոտ 3 տոննա մաքսանենգ փղոսկր, որը ֆրանսիացի մաքսային ծառայողներն առգրավել էին 20 տարում:













































