Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի և Ուկրաինայի արևելքի նկատմամբ իր քաղաքականությունում փոխ է առնում հակախորհրդային գաղտնի գործողություններին առնչվող ԿՀՎ մեթոդները: Այս մասին ասվում է The Washington Post-ում հրապարակված հոդվածում:
Հավանաբար ռուս առաջնորդն ուսումնասիրում է Ռոնալդ Ռեյգանի նախագահության ժամանակվա ԱՄՆ գործողությունները, երբ Վաշինգտոնն աջակցել է շարժումներին, որոնք ապակայունացրել են Մոսկվայի ազդեցությունն Աֆղանստանում, Նիկարագուայում, Անգոլայում, Լեհաստանում և Արևելյան Եվրոպայում՝ընդգծվում է նյութում: Նշվում է, որ դա խելացի ռազմավարություն է՝ անցյալում ԱՄՆ-ի և հիմա՝ Ռուսաստանի համար, քանի որ նման մոտեցումը թույլ է տալիս ստանալ առավելագույն շահ՝ նվազագույն գնով:
Իր հերթին Foreign Policy-ն գրում է, որ Պուտինին հաղթել չի կարելի, քանի որ նա արդեն հաղթել է: Ինչպես նշում է հոդվածագիրը, ռուս նախագահը հետամուտ է լինում հաջողություն երաշխավորող եռակողմ սցենարի: Նա խաղում է միայն այն խաղերը, որոնցում հաղթանակի հարցում նա համոզված է, փոխում է ստատուս-քվոն և ստիպում հակառակորդներին ընդունել այդ նոր ստատուս-քվոն: Հոդվածագրի կարծիքով՝ հենց այդպես է Պուտինը գործում Ուկրաինայի հարցում:










































