ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով` վարչապետն ինքն է որոշել հրաժարական տալ. դա պարտադրված չի եղել: Նա այդ մասին հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը` հավելելով, որ կառավարության ղեկավարն այս պահն է հարմար գտել:
Նրա խոսքով` որևէ մեկը չի կարող բռնություն ցուցաբերել, որ նա աշխատի, եթե վարչապետն անձամբ չի ուզում:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, սակայն, նշեց, որ վարչապետի պաշտոնից չեն հրաժարվում հենց այնպես , նրա հրաժարականը դրսի ազդեցությամբ է պայմանավորված. «Հայաստանը սեպտեմբերի 3-ից թեքվել է Մաքսային միություն, մինչև հիմա մենք արևմտյան նորմերով ձևավորված կառավարություն ունեինք, հիմա անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը իր ընտրած ուղին անխափան դարձնելու համար ձևավորի մի կառավարություն, որ հաստատակամ լինի Մաքսային միությանը»,- ասաց Գիմիշյանը:
Գիմիշյանի խոսքով` «հրաշալի քառյակն» իրենից այն ուժը չի ներկայացնում, որ ստիպեր Տիգրան Սարգսյանին հրաժարական տալ:
Սուքիաս Ավետիսյանն անդրադարձավ նաև ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի՝ կոալիցիոն կառավարության մաս կազմելու հնարավորությանը և ասաց. «Ես նրանց խորհուրդ կտայի վերջին երեք ամսվա իրենց ելույթները վերլուծեն ու նոր հայտարարություններ անեն»:
Դիտարկմանը ի պատասխան, թե փաստորեն ստացվում է «սիրուն չի» տարբերակը, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Շատ սիրուն չի»:
Նույն հարցին անդրադարձավ նաև Սոս Գիմիշյանն ու ասաց, որ 2012-ից այս կողմ ոչինչ չի փոխվել, և ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն երբեք ընդդիմություն չեն եղել:
Լուսանկարը՝ Armenpress-ի











































