ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) կենտրոնակայանի գործարար կապերի և կլաստերների ծրագրերի ղեկավար Ջերարդո Պատակոնիին: Հանդիպմանը ներկա էին կազմակերպության հայաստանյան ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջև արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Վիկտոր Զախարյանը և Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Հայաստանում UNIDO-ն իրականացնում է «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջև արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագիրը:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվեցին UNIDO-ի և Հայաստանի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես` քննարկվեցին Հայաստանի արտադրողների և UNIDO-ի գործընկեր եվրոպական մեծածախ առևտրի ցանց հանդիսացող METRO կազմակերպության հետ համագործակցության հնարավորությունները:
ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության կենտրոնակայանի գործարար կապերի և կլաստերների ծրագրերի ղեկավար Ջերարդո Պատակոնին նշեց, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանի արտադրողները հնարավորություն կունենան դառնալ եվրոպական մեծածախ առևտրի ցանցի մատակարարներից մեկը` խթանելով արտահանման ծավալները: Կազմակերպության հիմնական առաքելությունն է հզորացնել երկրների ազգային կարողությունները` տնտեսության մրցունակության բարձրացման, առևտրի, ներդրումների, արտահանումների ծավալների աճին նպաստելու ճանապարհով:
Փոխվարչապետը կարևորեց կազմակերպության մտադրությունը` հայկական գործարար միջավայրի համար սպառման նոր շուկաների ստեղծման հնարավորության առումով` հատկապես ընդգծելով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ա. Գևորգյանը նշեց, որ արտադրողների շրջանում պետք է բարձրացնել այս գործընթացների մասին իրազեկվածության մակարդակը` միևնույն ժամանակ առաջարկելով ուսումնասիրել հայկական շուկան` համապատասխան որակի և քանակի արտադրանքի ապահովման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում հյուրերը ՀՀ փոխվարչապետին փոխանցեցին UNIDO-ի գլխավոր տնօրեն Կ. Յումկելայի նամակը, որում Հայաստան այցելելու հրավերն ընդունելով` պատրաստակամություն է հայտնվում քննարկել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:








































