Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո անորոշ է մնում «հրաշալի քառյակի» գործունեությունը: Այդ ուժերից երկուսը՝ ՀՅԴ-ն և իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մինչ այսօր նախագահի հրաժարականը պահանջելու մասին չեն էլ ակնարկում: Իսկ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն օրեր առաջ հայտարարեց, որ իրենք դեմ չեն նոր հանրապետական վարչապետի հետ աշխատել:
«Առաջին լրատվական»-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է լինելու քառյակի հետ, ի՞նչ պահանջներ են պատրաստվում հետագայում ներկայացնել: Ի պատասխան տիկին Բախշյանն ասաց. «Գործընթացը գնում է, քննարկումները շարունակվում են, այս պահին ավելին, քան երեկ հայտարարվեց Ռուբիկ Հակոբյանի կողմից՝ ասել չեմ կարող»:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը միասին նոր նախաձեռնություն առաջ բերեն, քանի որ այդ ուժերից միայն նրանք երկուսն են նախագահի հրաժարական պահանջում, Անահիտ Բախշյանն արձագանքեց. «Չեմ կարող ասել, գործընթացը գնում է, պետք չէ նախապես ասել, ես գուշակ չեմ, ոչ էլ քաղաքագետ, դեռ ասել չեմ կարող, թե ինչ կլինի: Ես էլ կսպասեմ, ինձ համար որպես քաղաքացի կա մեկ խնդիր այսօր: Առաջին՝ վարչապետը հրաժարական տվեց ու գնաց, կաշին փրկեց, ո՞վ պետք է պատասխան տա երկրի տնտեսական վիճակի համար, ո՞վ պետք է պատասխան տա, թե կառավարությունը նախընտրական ինչ խոստումներ էր տալիս, այսքան տնտեսական աճ և այլն, դրա կեսն այսօր չկա, էլ չեմ ասում օֆշոր, տարբեր խնդիրներ, որ իր հետ էին կապված:
Անձամբ ես Տիգրան Սարգսյան վարչապետի նշանակման օրը մտքումս ասել եմ՝ կրթված, քրիստոնյա մարդ է, և ուրախացել եմ, բայց տապալվեց՝ դա իմ հույսերը տապալեց, ես ուզում եմ ինքը պատասխան տա, իսկ նա թողեց ու գնաց:
Հրաժարական է տալիս, այն էլ՝ մեզ համոզում են, որ պարտադրանք չէ, անձնական որոշում է, ես կասկածում եմ: Կամ ուզում են համոզել, որ երկրի շահերից ելնելով տվեց հրաժարականը, չեմ ուզում դրանց հավատալ, դա պատասխանատվությունից փախչել է նշանակում, մարդ պետք է իր արածների համար, ի վերջո, պատասխան տա կամ բացատրի, թե ինչպես եղավ: Հիմա երևի հանգիստ քնում է, մտածում է՝ ինչ լավ է պրծա»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































