«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը դժվարանում է ասել՝ որոնք են վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ դա հիմնականում Սերժ Սարգսյանի որոշումն է: «Ինձ թվում է՝ սա արված է որպես ոչ իշխանական ուժերի (մենք խորհրդարանում ընդդիմություն չունենք, ոչ իշխանական ուժեր ունենք) քաղաքական PR-ը խափանելու միջոց, երևի կլինեն նաև այլ լուրջ պատճառներ, համոզված եմ՝ դա Սերժ Սարգսյանի որոշումն է, իր նախաձեռնությունն է, կարող է էդտեղ մի փոքր դեր ունենալ ( շատ թեթև) ՍԴ որոշումը, որովհետև ՍԴ-ն փաստացի ապացուցեց` ինչքան անգրագետ են մեր Ազգային ժողովն ու կառավարությունը, որ էդքան թերի փաստաթուղթ են ներկայացրել, երկար տարիներ նախապատրաստել են ու էդքան թերություններով, հակասահմանադրական դրույթներով է, էնպիսի տպավորություն է, ոնց որ փաստաթուղթը և ԱԺ-ում, և կառավարությունում նախապատրաստել և ընդունել են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն իրավունքի հետ, սակայն չեմ կարծում, որ դա վճռորոշ կամ կարևոր դեր է ունեցել»,- ասաց նա:
Գիմիշյանի կարծիքով՝ այս կառավարության հիմնական ուղղվածությունը դեպի ԵՄ՝ Ասոցացման համաձայնագիր էր, իսկ հիմա միանշանակ ուղղվածությունը փոխվել է դեպի ՄՄ, և այս կառավարությունն էլ պետք չի, այլ որակի կառավարություն է պետք: Նրա խոսքով՝ ոչ իշխանական ուժերը կառավարության փոփոխության հետ բացարձակապես կապ չունեն, իրենք ուզում էին այդ հարցը բարձրացնել, ինչն անիմաստ է, քանի որ կա ԱԺ մեծամասնություն, հանրապետության նախագահ, և հենց իրենք են որոշողը՝ կլինի՞ վարչապետը, թե՞ չէ, նրանց բարձրացրած հարցը ոչ մի նշանակություն չէր կարող ունենալ. եթե նախագահն ու խորհրդարանը պահպանվում են՝ իրենց մեծամասնությամբ և քաղաքական ծրագրերով, որևէ նշանակություն չունի վարչապետի անունը Տիգրան Սարգսյա՞ն է, թե՞ Կիրակոս Կիրակոսյան, ով էլ լինի, կատարելու է նախագահի և պառլամենտի մեծամասնության ծրագիրը, որ օրը չկատարի, կդադարի լինել վարչապետ: «Առանձնակի լուրջ նշանակություն դա չի ունենա, միայն թե ասեմ՝ գուցե մարդիկ լինեն, ովքեր ավելի հաստատակամ են դեպի ՄՄ տանել պրոցեսները, արագացնել, որովհետև էս կառավարությունը, եթե դուք հիշում եք, մինչև սեպտեմբեր, երբ հայտարարեց ՄՄ մասին, ամբողջ կազմով, ԱԺ-ն էլ հետը, բոլորը ողջունում էին, հայտարարում էին, թե պիտի Ասոցացման համաձայնագիր ստորագրենք, բոլորը կողմնակից էին և էդպես ուռա բացականչելով՝ պատրաստվում էին Եվրոպա գնալ, հենց նախագահը ստորագրեց էդ փաստաթուղթը, որով շուռ եկանք դեպի ՄՄ, նրանք նույն հաջողությամբ սկսեցին հիմնավորել՝ ինչքան ճիշտ է ՄՄ գնալը: Նրանք մարդիկ են, ովքեր բան չեն որոշում, միայն առաջին դեմքի՝ երկրի նախագահի ուզածն են անում, էնպես որ նշանակություն չունի՝ ով կլինի, անուններն էլ չենք կարևորում, ուրախ կլինեի, եթե մի փոքր՝ իսկապես կառուցողական, պրոֆեսիոնալ, ժողովրդի մասին մտահոգվող կառավարություն ձևավորվեր, բայց չեմ կարծում՝ նման բան կլինի»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Panorama.am-ի











































