Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցում Մոսկվայի ձեռքն այնքան չէ, որքան ներկայացվում է: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, փորձագետ, ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության նախկին վերլուծաբան, ռուսական հեղինակավոր պարբերականների սյունյակագիր Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառներին:
Նա նշեց, որ կան մի քանի պատճառներ, պարզապես հարցն այն է, թե որն է դրանցից առաջնայինը: Առաջնայինն այն է, ըստ Դուբնովի, որ Սերժ Սարգսյանը ցանկություն ուներ լուծելու իր քաղաքական խնդիրները և Տիգրան Սարգսյանի փոփոխությամբ լուծում է դրանք: Թեև Դուբնովը չի բացառում, որ կա նաև Մոսկվայի գործոնը, ոչիշխանական քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի գործոնը, կա նաև ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման գործոնը:
«Բայց այս պատճառներն ինձ համար երկրորդական են թվում, քանի որ օգտագործվում են որպես հնարավոր դեկորացիա, որպեսզի ներկայացնեն Սարգսյանի որոշումը ոչ այնքան որպես քաղաքական: Ես չեմ կարծում, թե Մոսկվայի կողմից ուղիղ ճնշումներ են եղել: Չեմ կարծում նաև, թե Մոսկվան լրջորեն մտածում է որևէ թեկնածության շուրջ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Կրեմլի համար կա՞ն ընդունելի թեկնածուներ, քաղաքագետն արձագանքեց՝ ասելով՝ եթե նկատի ունենք Ռոբերտ Քոչարյանին, ապա չի կարծում, թե նա հայաստանյան քաղաքական դաշտում բացառիկ խաղացող է:
«Ես կարծում եմ, որ Մոսկվայի գործոնը հայկական իշխանություններն օգտագործում են, որպեսզի առավել պոպուլյարություն հաղորդեն իրենց քաղաքական որոշումներին: Հայաստանյան իշխանություններն իրենց վստահ չեն զգում: Կարծում եմ, որ վարչապետի հրաժարականի հարցն ավելի վաղ էր որոշված, նա շատ ավելի վաղ էր պատրաստ հրաժարականի, հարցը ժամանակն էր, և այդ որոշումը պարզապես հրապարակվեց հիմա, քանի որ բոլոր գործոնները համընկան: Սա այն հիմքը դարձավ, որը Սերժ Սարգսյանն օգտագործեց»,- նշեց Վադիմ Դուբնովը:









































