ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հրապարակել Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ամբողջական արձանագրությունը:
Երկու առաջնորդների զրույցի տեքստային տարբերակը հասանելի կլինի սեպտեմբերի 25-ին: Այսպիսով, Թրամփը համաձայնել է իր քաղաքական հակառակորդների պահանջներին, որոնք ակնարկել էին իմպիչմենտի հնարավորությանը հեռախոսազրույցի ընթացքում որոշ ձևակերպումների պատճառով:
«Ես այժմ ՄԱԿ-ում եմ, բայց թույլ եմ տվել վաղը հրապարակել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ իմ հեռախոսազրույցի ամբողջական, գաղտնազերծված և չխմբագրված արձանագրությունը: Դուք կտեսնեք, որ դա շատ ընկերական և բացարձակապես տեղին զանգ է»,- գրել է Թրամփը Twitter-ում:
ՄԱԿ-ի կենտրոնակայան ուղևորությունը և լրագրողների հետ շփումն ամրապնդել են ԱՄՆ նախագահի վճռականությունը:
Նախորդ օրը նա ասել էր, որ հավանաբար կմտածի զրույցի արձանագրությունը հրապարակելու մասին, չնայած որ կնախընտրեր չանել դա. վատ նախադեպ կստեղծվի: Իսկ այսօր, իմպիչմենտի վերաբերյալ համառ հարցադրումներից հետո, Թրամփն արտահայտվել է պարզ և հստակ. արձանագրությունը կհրապարակվի, որպեսզի դրան կարողանան ծանոթանալ բոլոր ցանկացողները: