Իտալացի անջատողականներն անցել են ակտիվ գործողությունների: Մի քանի տասնյակ մարդիկ փորձել են գրավել Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը: Դրա համար նրանք ցանկացել են կիրառել զենք, որը գնել էին ալբանական մաֆիայից, և տանկի վերածված էքսկավատորը: Այս մասին հայտնում է Vesti-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Հեղաշրջման իրականացման համար նախատեսված գլխավոր մարտական միավորը ոստիկանությունը հայտնաբերել է սովորական ավտոտնակում: 40 տոննա կշռող էքսկավատորը, որը վերափոխված է եղել տանկի, ունեցել է զրահային պաշտպանություն, տեսախցիկներ և այլն: Քննությունն ունի ապացույց, որ տանկը լիովին պատրաստ է եղել հարձակման: Անջատողականները ծրագրել էին հրապարակում մի քանի շինություն զավթել:
Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 24 մարդ, նրանցից երկուսը ենթարկվել են տնային կալանքի:
Ընդհատակյա խմբին մեղադրում են ահաբեկչության համար: Իտալիայում նման դեպքերում նախատեսված է 15 տարվա ազատազրկում:
Խումբն իրեն անվանում է «Դաշինք»: Անջատողականների մեծ մասը եղել են «Հյուսիսի լիգա» շարժումից, որը տարիներով պայքարում է հարավից հյուսիսի անջատման համար: Երկու շաբաթ առաջ ակտիվիստները Վենետոյում առցանց հանրաքվե էին անցկացրել: Տարածաշրջանի անկախության օգտին էր քվեարկել 2 մլն մարդ: Ոստիկանության կարծիքով՝ զինված հարձակումը Վենետիկի կենտրոնում պետք է լիներ քվեարկության արդյունքների ինքնատիպ ամփոփում:








































