Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը դիմել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային` պահանջելով քննություն սկսել Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշ կրտսերի դեմ: Իրավապաշտպանների կարծիքով` կան լուրջ փաստեր, որոնք ապացուցում են, որ Բուշը թույլատրել է կտտանքներ իրականացնել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Խոսքը Կենտրոնական հետախուզական վարչության այսպես կոչված՝ գաղտնի բանտերի մասին է, որոնց աշխատակիցները կիրառել են կտտանքներ: Բացի այդ, Human Rights Watch-ը հիշեցրել է, որ բանտարկյալների մի մասը ԱՄՆ տարածքից գաղտնի տեղափոխվել էին այլ երկրներ, որտեղ չեն գործում ամերիկյան օրենքները, և որտեղ ԿՀՎ աշխատակիցները կարող էին ավելի բռնի միջոցներ կիրառել:
Ջորջ Բուշն ու նրա աշխատակազմի անդամները բազմիցս հերքել են նման մեղադրանքները՝ հայտարարելով, որ օրենքի խախտում թույլ չեն տվել և գործել են բացառապես ԱՄՆ անվտանգության շահերից ելնելով:









































