Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ սկսվեց Հրանտ Հարությունյանի և Բեգլար Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:
30-ամյա Հրանտ Հարությունյանը և 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանը մեղադրվում են ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու, սպանության փորձ և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին, 34-104 հոդվածի 1-ին և 258 հոդվածի 4-րդ մասերով:
Ինչպես որ երկու ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներն են նույնը, այնպես էլ նրանք երկուսով մեկ պաշտպան ունեն: Նրանց շահերի միջև հակասություններ չկան, ու երկուսի շահերն էլ պաշտպանում է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի մարտի 22-ին Հրանտ Հարությունյանն ու Բեգլար Հովհաննիսյանն իմացել են, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Անուշավան Մանուչարյանը Բերդ-Երևան ավտոճանապարհին ուրիշների ներկայությամբ հայհոյել է իրենց հասցեին:
Փորձել են նույն օրը Մանուչարյանից պարզաբանում ստանալ, բայց վերջինս կրկին հայհոյանք է տվել, նստել իր մեքենան ու դիմել փախուստի:
Հաջորդ օրը՝ մարտի 23-ին, ժամը 15-ի սահմաններում Հարությունյանն ու Հովհաննիսյանը մի քանի մեքենաներով, ընկերների հետ գնացել են այն շենքի մոտ, որտեղ բնակվում էր Մանուչարյանը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ երկու ամբաստանյալն էլ պարզաբանման գնալիս իրենց հետ տարել են ապօրինի կերպով իրենց կողմից ձեռք բերված զենքերը, Հրանտը՝ «Մարգոլին ՄՑՄ» և Բեգլարը՝ «Մակարով» տեսակի ատրճանակները:
Դեպքի վայրում Հրանտ Հարությունյանը մոտեցել է Մանուչարյանի բարեկամ Արմեն Սիմոնյանին, ատրճանակով մեկ կրակոց է արձակել գետնին:
Երբ Սիմոնյանը փորձել է փախչել, Հարությունյանը երկու կրակոց է արձակել նրա հետույքային և գոտկային շրջաններին, պատճառել միջին ծանրության վնաս:
Ըստ մեղադրանքի՝ Հրանտ Հարությունյանը Արմեն Սիմոնյանի վրա կրակել է սպանելու դիտավորությամբ և նրան չի սպանել իր կամքից անկախ պատճառներով: Հարությունյանը նաև դրսևորել է անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, իր անձն ընդգծելու դիտավորությամբ խանգարել է մարդկանց անդորրը: Նա ատրճանակը ձեռքին մոտեցել է ընկած Սիմոնյանին ու առանձին հանդգնություն դրսևորելով՝ ասել է. «Տեսա՞ք՝ մի քֆուրի համար ինչ եղավ»: Իսկ երբ մեքենա է նստել, որ հեռանա, մեքենայից ձեռքը՝ ատրճանակով հանդերձ, հանդուգն կերպով, ցուցադրաբար ու սպառնալից դուրս է պարզել:
Երբ մեղադրող Արիս Բարսեղյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ամբաստանյալ Հրանտ Հարությունյանը հայտարարեց, թե մեղադրանքը իրեն պարզ չէ, իսկ առանց մեղադրանքի էությունը հասկանալու՝ չի կարող դիրքորոշում հայտնել՝ ընդունո՞ւմ է մեղքը, թե՞ չի ընդունում:
Ի վերջո՝ Հրանտ Հարությունյանը հայտնեց, թե ապօրինի զենք՝ ատրճանակ պահելու մեղադրանքն ընդունում է, իսկ սպանության փորձ և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար իրեն մեղավոր չի ճանաչում: «Բաներ կան, որ անհասկանալի են»,- ասաց ամբաստանյալը:
Բեգլար Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, դեպքի վայրում տեսել է շենքից դուրս եկող Անուշավան Մանուչարյանին, երկու կրակոց է արձակել նրա ուղղությամբ:
Մանուչարյանը կարողացել է ուրիշ կողմով շենքից փախչել՝ դրանով իսկ, ըստ առաջադրված մեղադրանքի, Բեգլար Հովհաննիսյանը չի կարողացել իրականացնել նրան սպանելու իր ուղղակի դիտավորությունը:
Բայց Բեգլարը, շարունակելով խուլիգանությունը, Մանուչարյանի բնակարանի մուտքի դռանը հինգ կրակոց է արձակել ու նյութական վնաս է պատճառել սեփականատիրոջը:
Բեգլար Հովհաննիսյանը հայտարարեց, թե մեղադրանքի որոշումն իրեն պարզ է, ինքն ընդունում է միայն ապօրինի զենք պահելու մեղադրանքը, սպանության փորձ ու զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար իրեն մեղավոր չի ճանաչում:
Պաշտպան Երեմ Սարգսյանը պարզաբանեց, թե առաջադրված մեղադրանքի էությունը պետք է ամբաստանյալներին հասկանալի ու պարզ լինի, որպեսզի նրանք հասկանան՝ ինչի համար են մեղադրվում, ու կարողանան իրականացնել իրենց պաշտպանական իրավունքը:
Հրանտ Հարությունյանին առաջադրված մեղադրանքում սպանության փորձի նկարագրություն մեջ նշված է, որ նա երկու կրակոց է արձակել տուժողի հետույքային ու գոտկային շրջաններին, նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս, սակայն տուժողի մահը վրա չի հասել կրակողի կամքից անկախ հանգամանքներով:
Ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը:
Երբ, օրինակ, Բեգլարի մեղադրանքում նշվում է, որ նա Անուշավան Մանուչարյանին չի կարողացել սպանել, որովհետև Մանուչարյանը դիմել է փախուստի, դա հասկանալի է, բայց ի՞նչ հանգամանքներ են խանգարել Հրանտ Հարությունյանին, նրա կամքից անկախ ո՞ր հանգամանքները թույլ չտվեցին, որ իրականացնի Արմեն Սիմոնյանի սպանությունը:
Մեղադրական եզրակացության մեջ այդ կարևոր հանգամանքը նշված չէ ու մնում է անհասկանալի: Պաշտպանը խնդրեց, որ դատարանը այդ մեղադրանքի էությունը պարզաբանի իր պաշտպանյալին:
Սպանությանը խոչընդոտած հանգամանքն իմանալուց հետո միայն ամբաստանյալ Հարությունյանը կարող է ներկայացնել իր դիրքորոշումը:
Դատարանն այս խնդրանքին պատասխանեց, թե չի կարող պարզաբանել, որովհետև մեղադրանքի մեջ պաշտպանին հետաքրքրող հանգամանքը նշված չէ, դատարանն իր կողմից չի կարող նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքին ոչինչ ավելացնել:
Պաշտպանը հայտարարությամբ հանդես եկավ, որ մեղադրանքի էությունը պարզ չէ իր պաշտպանյալ Հրանտ Հարությունյանին:
Հրանտ Հարությունյանի խնամքին վեց տարեկան մեկ երեխա կա, նա որպես առաքիչ է աշխատել:
Բեգլար Հովհաննիսյանը ծնվել է Բելառուսում, չի աշխատել, հոգեկան առողջության խնդիրներով ազատվել է զինծառայությունից, համապատասխան երևանյան բուժհիմնարկում հաշվառված է 2006 թվականից:
Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել տուժողներ Մանուչարյանն ու Սիմոնյանը:
Նրանց ներկայացուցիչ, փաստաբան Վ. Գևորգյանը հայտարարեց, որ իր տվյալներով՝ տուժողները քաղաքից բացակայում են:
Նիստի սկզբում կողմերի կարծիքները լսելով՝ դատարանը որոշեց, որ հնարավոր է տուժողների բացակայության պայմաններում նիստը շարունակել, քանի որ նրանց ներկայացուցիչ Գևորգյանը ներկա էր:
Սահմանվեց ապացույցների հետազոտման կարգ՝ կհարցաքննվեն տուժողները, վկաները, կհետազոտվեն իրեղեն և գործում եղած ապացույցները, վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները:
Հասնելով տուժողների հարցաքննության փուլին՝ դատարանը հետաձգեց նիստը՝ տուժողների բացակայության պատճառով:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին:









































