«Տարածաշրջանային զարգացումներ. Ղարաբաղի հիմնահարց» թեմայի շրջանակներում «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը այսօր «Հենարան» ակումբում կարծիք հայտնեց, որ ոչ Վաշինգտոնում, ոչ Մոսկվայում արագ կարգավորման դեղատոմս գոյություն չունի:
Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի համար մեկ ելակետ կա՝ ոչ ոք չի ուզում պատերազմ: «Եթե որևէ փաստաթուղթ ստորագրվի՝ դա կնշանակի միմիայն՝ գերտերությունները կփորձեն լարվածությունից խուսափել կամ նոր փուլի մեջ մտնել, որը ևս տարիներ կտևի»:
Կազանից հետո այս աշխուժությունը, Մեդվեդևի առաջարկները ո՞ւմ են ուղղված՝ հարցրին լրագրողները: Ադրբեջանն էր ձախողման պատասխանատուն,- կարծում է Սերգեյ Մինասյանը և հավելում, որ ՌԴ նախագահ Մեդվեդևի համար դա դարձել է անձնական գործ. «Այն, որ ՌԴ-ն շարունակուն է ԱՄՆ-ի հետ կոնսուլտացիաները, վկայում է այն մասին, որ կարգավորման գործընթացը վճռորոշ փուլ է մտել»,- նշեց նա: Քաղաքագետը հավելեց նաև, որ Ադրբեջանը դեմ է հիմնարար սկզբունքների՝ կամարտահայտության կետին:
ԼՂ-ի բանակցային կողմ դառնալու հնարավորությունների առնչությամբ Ս. Մինասյանը նշեց. «Չեմ կարծում, թե մոտ ապագայում դա հնարավոր է, բայց որ ԼՂ-ի մասնակցության ֆակտորը ավելի դրական է դարձել, և գերտերությունները դա հաշվի են առնում՝ արդեն փաստ է»:
Իսկ ՀՀ-ի կողմից ԼՂ-ի ճանաչման վերաբերյալ քաղաքագետն ասաց, որ եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն, դա կնշանակի Ադրբեջանին պարտադրել պատերազմի։ «Եթե ճանաչում ես՝ դու բանակցային գործընթացն ես դադարեցնում, և Ի.Ալիևին այլ բան չի մնում, քան պատերազմը: Դա վտանգավոր կլինի ոչ միայն Ադրբեջանի առումով, այլև միջազգային հանրության համար»,- նկատեց նա՝ հավելելով, որ ճանաչման ռեսուրսը զսպող միջոց է:










































