Երևանում իր աշխատանքներն է սկսել Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խումբը՝ Էգմոնտ խմբի կոմիտեի նիստի գումարմամբ:Այս մասին ասվում է ԿԲ այսօր տարածած հաղորդագրությունում։
Էգմոնտ խումբը (www.egmontgroup.org) ստեղծվել է 1995 թ-ին՝ նպատակ ունենալով համագործակցության միասնական հարթակ ձևավորել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված տարբեր պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ) համար:
Էգմոնտ խմբի հիմնական դերը այդ կառույցին անդամակցող ՖՀՄ-երի միջև
տեղեկատվության փոխանակման միասնական սկզբունքների և անվտանգ ցանցի
գործարկումն ու զարգացումն է: Ներկայումս խմբին անդամակցում են շուրջ 120 պետությունների ֆինանսական հետախուզության մարմիններ:
ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Էգմոնտ խմբի լիարժեք անդամի կարգավիճակ է ձեռք բերել 2007 թ. մայիսի 29-ին: Էգմոնտ խումբը յուրաքանչյուր տարի գումարում է մեկ լիագումար նիստ,
ինչպես նա¨ աշխատանքային խմբերի մեկ հանդիպում:
2008 թ. մայիսին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում կայացած Էգմոնտ խմբի լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի պատվիրակության առաջարկով որոշվել է Էգմոնտ խմբի 2011 թ. 19-րդ լիագումար նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում:
Նիստի ընթացքում Էգմոնտ խմբին անդամակցող շուրջ 30 երկրների միջև ստորագրվելու են ֆինանսական հետախուզության մարմինների միջև փողերի
լվացման և ահաբեկչության ֆիանանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ 50-ից ավել փոխըմբռնման հուշագրեր:
Լիագումար նիստին մասնակցում են անդամ երկրներից 102 երկրի ֆինանսական հետախուզության մարմինների և մի շարք միջազգային կառույցների (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, ՖԱԹՖ և այլն) շուրջ 290 ներկայացուցիչներ:







































