Թուրքիան պատրաստ է փախստականների համար դռները բացել դեպի Եվրոպա, եթե անհրաժեշտ աջակցություն չստանա Արևմուտքից:
Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը: Նրա ելույթի հեռարձակումը, որը կայացել է Անկարայում, վարել է A Haber հեռուստաալիքը:
«Կամ դուք կաջակցեք մեզ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում, կամ մենք ստիպված կլինենք բացել մեր սահմանային անցումները: Կամ դուք մեզ կաջակցեք, կամ ոչ ոք չի զղջա ոչ մի բանի համար: Մենք մտադիր էինք 1 միլիոն փախստականներ տեղավորել անվտանգության գոտում»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը կրկին վերահաստատել է «մինչև սեպտեմբերի վերջը Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու» իր մտադրությունը: Օգոստոսի 31-ին Էրդողանը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերը մի քանի շաբաթից կարող են ինքնուրույն սկսել անվտանգության գոտի ստեղծելու գործողությունների ծրագրի իրականացումը:
Օգոստոսի 7-ին Թուրքիայի և Միացյալ Նահանգների զինված ուժերը պայմանավորվել են Սիրիայում համատեղ գործողությունների կենտրոն ստեղծել: Օգոստոսի 12-ին ԱՄՆ-ից զորքերի առաջին խումբը ժամանել է թուրքական Շանլիուրֆա քաղաք, Սիրիայի հետ սահմանից 50 կմ հեռավորության վրա, որպեսզի աշխատի այս կառույցում: Կենտրոնը կազմակերպվել է երկու երկրների կողմից Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու ծրագիրն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, Անկարան պնդում է, որ պլանավորված անվտանգության գոտու վերահսկողությունը պետք է իրականացվի բացառապես հանրապետության զինված ուժերի կողմից: