2018-ին Եվրոպան և Կենտրոնական Ասիան ունեցել են ավելի քան 4 մլն աղքատ: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի զեկույցում:
Նշվում է, որ 1990-ին աշխարհի բնակչության 36%-ը ապրել է օրական 2 դոլարից քիչ գումարով: 25 տարի անց այդպիսի մարդկանց մասը իջել է մինչև 10%, իսկ 2018-ի վերջին՝ մինչև 8,6%: Սակայն այսօր աղքատության մասշտաբների կրճատման տեմպերը կասկածի տակ են դնում առաջադրված խնդրի իրագործումը, այն է՝ առաջիկա 10 տարում վերացնել աղքատությունը:
«Չնայած այդպիսի տպավորիչ առաջընթացին՝ ամբողջ աշխարհը չափազանց դանդաղ է առաջ գնում 2030-ին ծայրահեղ աղքատության վերացման ճանապարհով»,- եզրափակել է ՄԱԿ-ի ղեկավարը:
«Դժվար է արմատախիլ անել աղքատությունը, երբ 10% բնակչության եկամուտները ավելանում են ոչ ավելի, քան 3 դոլարով…»,- ասվում է զեկույցում:
Փորձագետներն իրենց գնահատականներում հաշվի են առնում մի ամբողջ շարք տեսանկյուններ: Նրանք նշում են, որ 2018 թվականին աշխարհում կար 1,3 մլրդ աղքատ. 560 մլն՝ Աֆրիկայի երկրներում, 546 մլն՝ Հարավային Ասիայում, 118 մլն՝ Արևելյան Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, 66 մլն՝ արաբական պետություններում, 32 մլն՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում, 4 մլն՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: