Երկու իսրայելական անօդաչու թռչող սարքեր են նկատել Բեյրութի ծայրամասում, հայտարարել է շիական «Հեզբոլահ» շարժման ներկայացուցիչը, գրում է The Times of Israel-ը, օգոստոսի 25-ին:
Նշվում է, որ դրոններից մեկն ընկել է Մուավադ շրջանում, «Հեզբոլահի» տեղեկատվական կենտրոնի մոտակայքում, իսկ երկրորդը պայթել է օդում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Դահիա շրջանում: Լրագրողներին թույլ չեն տվել նկարահանումներ անել դեպքի վայրում:
Իսրայելական զինված ուժերը հրաժարվել են մեկնաբանություններից՝ շեշտելով, որ չեն քննարկում արտասահմանյան աղբյուրներից ստացվող տեղեկությունները:
Օգոստոսի 24-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Սիրիայի տարածքում: Իսրայելցի զինվորականների հայտարարության համաձայն, թիրախ են դարձել իրանական «Ալ-Քուդս» ջոկատի և շիաների ջոկատների օբյեկտները Աքրաբա գյուղում:
Ըստ նրանց տվյալների, իրանական ուժերը, իբր, ծրագրել են գրոհել Իսրայելի տարածքը դրոնների կիրառմամբ: Մի քանի հրթիռ խոցվել է. դրանք ընկել են երկրի հարավում՝ չհասնելով նշանակետերին: Պայթյունները լսվել են Դամասկոսի մոտակայքում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, իր երկիրը շարունակելու է «վճռականորեն արձագանքել Իրանի ագրեսիային»: