Եվրոպայի ավիացիայի պատմության ընթացքում առաջին անգամ տարին անցել է առանց մարդկային զոհերի: Այս մասին հայտարարել է Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA): Եվրոպացի մասնագետների կարծիքով, նման նշանակալի արդյունքներին հնարավոր է եղել հասնել կիրառվող նոր տեխնոլոգիաների և «անվտանգության նոր մենեջմենթի» շնորհիվ:
Գերմանական Քյոլնում գտնվող EASA-ի գլխավոր գրասենյակը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Սա առաջին տարին է եվրոպական ավիացիայի պատմության մեջ, որի ընթացքում ոչ մի ողբերգական միջադեպ տեղի չի ունեցել կոմերցիոն ինքնաթիռային և ուղղաթիռային ավիաուղիներում»:
Գործակալության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջերեմի Թեյանն ասել է, որ խոսքը գնում է բացառապես կոմերցիոն չվերթների մասին. «Ակնհայտ է, որ անցած տարվա ընթացքում կործանվել են մի քանի մասնավոր ինքնաթիռներ և մի քանի մարդ է մահացել»:










































