ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե Պուտինի նախագահ դառնալու հանգամանքը կազդի՞ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա, ինչին ի պատասխան նա նշեց, որ չի կարծում, թե այդ հարցը այս պահին քննարկման ենթակա է, հետևաբար զերծ կմնա մեկնաբանություններից: «Երբ հստակ լինի Պուտինի պաշտոնական առաջադրման հարցը, այդ ժամանակ կարելի է խոսել»,- արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը:
Մեր այն դիտարկմանը, թե «Սելիգեր» ամառային ճամբարի երիտասարդների հետ հանդիպմանը Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ինքն իր նախագահական երկրորդ ժամկետի հարցում կկողմնորոշվի Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների արդյունքում, ինչն առաջիկա նախագահական ընտրություններում խոսում է Պուտինի մեծ շանսերի մասին՝ Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. «Ամեն դեպքում ես կսպասեմ պաշտոնական առաջադրմանը: Ինչ վերաբերում է ազդեցությանը մեր երկրի վրա՝ չեմ կարծում, որ երկու նախագահների փոփոխությունը շատ ռեալ քաղաքականություն փոխի Հայաստանում, Ռուսաստանի հետ հարաբերություններում»:










































