Ուկրաինացի լրագրողները տեսանյութում ցույց են տվել ԻԼ-62 ինքնաթիռի սրահը, որով նախագահության ընթացքում թռել են Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն և Վիկտոր Յանուկովիչը: Նախկին թիվ 1 բորտն ավելի քան տաս տարի պարապուրդի մեջ է և արդեն շարքից դուրս է եկել:
Պետության ղեկավարի համար օդանավում նախատեսված է առանձին տարածք՝ գրասենյակ, լոգարան և հանգստի հատված: Գործուղումների ժամանակ Կուչման, Յուշչենկոն և Յանուկովիչը կարող էին ոչ միայն աշխատել և քնել, այլև ժամանակ անցկացնել սովետական կինոնկարներ դիտելով. այստեղ հեռուստացույց կա և «Ադամանդի ձեռքը» և «Չի կարող լինել» ֆիլմերի տեսագրությունները:
Նախագահական ԻԼ-62-ում նաև հատված կա նախարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Քանի որ ինքնաթիռը նախատեսված է հեռավոր թռիչքների համար, դրանում սննդի համար հատկացված հատուկ խցիկ կա, որտեղ նախկինում երշիկեղենի, պանիրների, ձկնեղենի և մսի մեծ պաշարներ էին պահվում: