Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Յուրի Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը. դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Յուրի Վարդանյանին վճարել 1 միլիոն 600 հազար եվրո փոխհատուցում: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Պետության կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանին, փաստաբան Կարապետ Բադալյանին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին:
Այս առնչությամբ Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ 2004-05 թվականներին պետությունը, ավելի ճիշտ՝ շատ կոնկրետ շրջանակներ այնքան էին շտապում կոնկրետ բիզնես-պրոյեկտ իրականացնել, որ առանց օրենքի՝ պարզապես կառավարության 1-2 էջանոց որոշմամբ որոշեցին ներկայիս Հյուսիսային պողոտան ճանաչել իրացման գոտի և մարդկանց ունեզրկելու միջոցով իրականացնել իրենց բիզնես-պրոյեկտը. «Հենց այդ ժամանակ այն ժամանակվա Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանի երեսին շպրտվեց հայտնի լկտի ֆրազը՝ «նստած փողի վրա՝ փող եք ուզում»: Եվ քանի որ պարոն Բազեյանը չհասկացավ, թե ինչի վրա է նստած, հեռացվեց, և պաշտոնի բերվեցին այն մարդիկ, ովքեր շատ արագ ընկալեցին իրավիճակը և սկսեցին քարից փող քամել»:
Իսկ թե ինչու պետք է այդ գումարը վճարեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիները, «Պետության կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը նկատեց, որ դժվար է մեղքը բարդել կոնկրետ մի դատավորի վրա, որքան էլ նա տխրահռչակ է իր մասնագիտական անցյալով. «ՄԻԵԴ-ը, ճանաչելով իրավունքի բոլոր խախտումները, գնահատում է այն դատական համակարգը, որը գործել է, և որը դեռ շարունակում է գործել»:
Նրա խոսքով՝ դատավորը եղել է ընդամենը Առաջին ատյանի դատավոր, սակայն գործը անցել է նաև Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններով. «Այսինքն՝ այստեղ ոչ թե մի անձի խնդիր է, այլ ամբողջ դատական համակարգի, որը սպասարկել է գործադիր իշխանությանը»:
Սեդրակ Բաղդասարյանը սրան հավելեց նաև ՍԴ-ի բացասական դերը. «Օրենքն ընդունվեց 2006-ին, սակայն գործընթացներն ավելի վաղ էին սկսվել. Սահմանադրական դատարանը, ճանաչելով, որ այդ անձանց սահմանադրական իրավունքները խախտվում են, թույլ տվեց, որ կառավարության այդ որոշումը շարունակի գործել մինչև 2016թ.-ը՝ մինչև օրենքի ընդունումը: Այսօր ՍԴ երկու անդամներ այն ժամանակ եղել են այն դատարանի կազմում, որը ապօրինություն է գործել: Այսինքն՝ պատասխանատվություն պետք է կրի ոչ միայն Մնացական Մարտիրոսյանը, այլև ամբողջ համակարգը, որովհետև դա իրենց կողմից դիտավորյալ կատարված խախտման հետևանք է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































