ԱՄՆ-ում դատարանը չեղարկել է Washington Post հրատարակչության նկատմամբ դպրոցականի ներկայացրած հայցը՝ տեղեկացնում է Northern Kentucky-ն։
Նիկ Սենդմենը դատարան էր դիմել WP-ում մի նյութի հրապարակումից հետո, որից հետո նա քննադատության է ենթարկվել սոցցանցերում։ Դպրոցականի խոսքով՝ իրեն մեղադրել են ռասիզմի մեջ։ Հասցված վնասը նա գնահատել է 250 մլն դոլար։
Լրատվամիջոցի կայքը տեսանյութ է տարածել, որտեղ Նիկը իր համադասարանցիների հետ այցելել է Լինքոլնի հուշահամալիր՝ մասնակցելու համար «աբորտների դեմ քայլերթին»։ Այդ ժամանակ դպրոցականներին են մոտեցել ամերիկացի հնդկացիները։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սենդմենը ծաղրական ժպիտով նայում ակտիվիստ հնդկացուն, որը երգում է և թմբուկ խփում։ Հենց այդ պահն էլ քննադատության առիթ է հանդիսացել սոցցանցերում։
Չնայած Նիկը հավատացրել է, որ պարզապես կանգնել և լսել է, թե ինչպես է երգում հնդկացին, դատարանը մերժել է նրա հայցը՝ հղում կատարելով Սահմանադրության Առաջին փոփոխությանը, որը ապահովում է կարծիքի և մամուլի ազատությունը, հենց այդ հիմքով էլ թերթը մեկնաբանել է տեսանյութը։





































