Սերբիայում և Մոնտենեգրոյում այսօր նշում են ողբերգական իրադարձությունների օրը. լրանում է ՆԱՏՕ-ի կողմից այն ժամանակ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության կազմի մեջ մտնող այդ երկրների տարածքների ռմբակոծման մեկնարկի 15 տարին:
«Դաշնային ուժ» օպերացիան, որը Հյուսիսատլանտյան դաշինքն իրականացրել է առանց ՄԱԿ ԱԽ-ի արտոնման, շարունակվել է 78 օր: Միջերկրականում տեղակայված նավերից արձակված ՆԱՏՕ-ի կործանիչների ու թևավոր հրթիռների թիրախ էին դառնում Սերբիայի և Մոնտենեգրոյի տարածքում գտնվող օբյեկտները: ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ ՆԱՏՕ-ի 19 երկրների մասնակցությամբ օպերացիայի պատճառը Կոսովոյի վերաբերյալ բանակցությունների ձախողումն էր ֆրանսիական Ռամբույեում և խաղաղ ծրագրի ստորագրումից Սերբիայի հրաժարումը , որի կետերից մեկը Կոսովոյում օտարերկրյա զորքերի տեղակայումն էր, ինչը նշանակում էր երկրամասի ռազմական օկուպացիա՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Պաշտոնական պատճառը Կոսովոյի Ռաչակ գյուղում սերբական զորքերի կողմից խաղաղ ալբանական բնակչության ներկայացուցիչների զանգվածային հուղարկավորման վայրի հայտնաբերումն էր:
11 շաբաթ տևած օպերացիայի ընթացքում, սերբական աղբյուրների փոխանցմամբ, ընդհանուր առմամբ հասցվել է 2300 ավիահարված՝ 995 օբյեկտների: Օպերացիային մասնակցել է 1150 մարտական ինքնաթիռ:
Ռմբակոծումների զոհ են դարձել ավելի քան 2000 խաղաղ բնակիչ և 1000 զինծառայող:











































