Անդրադառնալով օրերս ինտերնետում հայտնված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի զրույցին իր վրացի գործընկերոջ հետ՝ թերթի խմբագիրը գրում է.
«Դրվել էր, իհարկե, միտումնավոր, վրացիների կողմից՝ ցույց տալու հայերի հոգևոր աոաջնորդի, այսպես ասած, «մշակութային ցենզը»: Նպատակն իրագործվել է ամբողջությամբ, մի բան է, երբ մարդը եկեղեցական ամբիոնից գրաբարով անգիր արած աղոթքներ է արտասանում կամ թեկուզ «պատասխանատու» հեռուստախցիկի առաջ թղթով ինչ-որ բան է կարդում, մեկ այլ բան է, երբ նա շփվում է ավելի ազատ, սակայն, անպայման նկատի ունենանք, պաշտոնական մակարդակով՝ ոչ թե, ասենք, համադասարանցիների քեֆին»,- ապա հավելում.
«Այս տեսագրության մեջ Գարեգին Բ-ն ցույց տվեց իր դաստիարակությունը, մտածելակերպը, էությունը: Եվս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ նա ոչնչով չի տարբերվում մեր օլիգարխներից, որոնց համար հարաբերություններ պարզելու ձևը «բազարն» է ու «ռազբորկան»՝ համապատասխան բառապաշարով և փաստարկների մակարդակով: Կաթողիկոսը նաև նման էր սերիալային մաֆիոզիներին, որոնց «պայծառ կերպարը օր ու գիշեր կերտում են մեր հեռուստաալիքները, որպեսզի երիտասարդ սերունդն ունենա իդեա, որին պետք է ձգտել: Հետևաբար, այն փաստը, որ մենք ունենք այդպիսի ամենայն հայոց կաթողիկոս, պատահականություն չէ՝ դա հայելին է մեր մտավոր և հոգևոր դեգրադացիայի»:








































