Հաագայում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվում՝ կապված մարտի 24-25-ը տեղի ունենալիք միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթնաժողովի հետ: Քաղաքի օդային տարածքը հսկում են երկու F-16 կործանիչներ, իսկ ծովում կա 3 ռազմանավ` ամբողջ մարտական պատրաստվածությամբ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Սակայն ամենալուրջ հանդիպումները, որոնց կմասնակցեն 58 երկրների առաջնորդներ, տեղի կունենան ցամաքում: Առաջնորդների թվում կլինի նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Քաղաքի այն շրջանում, որտեղ տեղի է ունենում «Համաշխարհային ֆորումը», ոստիկանները շրջափակել են բոլոր ճանապարհները: Սահմանափակվել է նաև դրա մերձակայքում գտնվող տների բնակիչների ելումուտը:
Կիրակի երեկոյան և երկուշաբթի առավոտյան, երբ պետք է ժամանեն երկրների մեծ մասի նախագահներն ու կառավարության ղեկավարները, շրջափակված կլինի երկրի ամենաաշխույժ մայրուղիներից մեկը, որն Հաագայի հետ է կապում «Սհիփհոլ» միջազգային օդանավակայանը:









































