Սևանա լճից այս տարի նախատեսվում է լրացուցիչ ջրային պաշարներ վերցնել՝ այն հատկացնելով ջրազրկված գյուղերին: Ազգային ժողովում այս հարցով կազմակերպված խորհրդարանական լսումներն անցան թեժ քննարկումներով. բնապահպանները մտահոգ են Սևանի ապագայի հարցով, Բնապահպանության նախարարությունն էլ համոզված է՝ լրացուցիչ ջրառը Սևանը չի վնասի:
Ջրազրկված են հիմնականում Արմավիրի և Արարատի ընդհանուր առմամբ՝ մոտ երեսուն համայնքներ: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հիմնականում ջրազրկված են Գայ և Ակնալիճ համայնքները: Հարցին՝ Սևանա լճից լրացուցիչ ջրառը այդ գյուղերի խնդիրն ամբողջապես կլուծի՞ արդյոք, մարզպետը դրական պատասխան տվեց: Նա նշեց, որ այս խնդիրը կա դեռ անցյալ տարվանից: Մարզպետին հիշեցրինք, որ բնապահպանները մտահոգիչ են համարում լրացուցիչ ջրառը, ի պատասխան նա նշեց. «Ի՞նչ մտահոգիչ… համենայնդեպս, երեկ բոլոր հարցերը քննարկվել են, և կարծում եմ, որ այնտեղ էլ նշվել է՝ ժամանակավոր է դա»: Դիտարկմանը, թե ասում են՝ դա բացասական բալանսի կբերի, Ղահրամանյանը պատասխանեց. «Էսօր հիմնականում ժողովուրդը ապրելու ու աշխատելու խնդիր ա, չէ՞, դրել», ապա տեղեկացրեց, որ հատկացվելիք ջրի պաշարները նախատեսված են 8500 հա-ից ավել հողատարածքի համար, նախքան ջրի հատկացումը, մարզպետի հավաստմամբ, անդառնալի կորուստներ չեն ունենա:
«Մենք պետք է ամեն ինչ այնպես անենք, որ և լճի մակարդակը պահպանենք, բարձրացնենք, որը մեր երկրի նախագահի հանձնարարականի համաձայն` կառավարության ծրագիրն է, և դրա հետ մեկտեղ հնարավորություն ստեղծենք, որ մեր գյուղացիական տնտեսությունները զբաղվեն իրենց հողատարածքների մշակմամբ»,- ասաց նա:
Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այնտեղ, որտեղ ներտնտեսային ցանցերը կառուցվել են վերջին տարիներին, կորուստները չնչին են: Միսակյանը տեղեկացրեց՝ հատկապես վերջին երեք տարում արդեն ջրօգտագործողներն էլ ջուրը ռացիոնալ են օգտագործում` հասկանալով ջրի սղությունը: «Համայնքին բացատրել ենք, ժողովներ ենք ունեցել, հասկացրել ենք, որ՝ ժողովուրդ, առաջվանը չի, էսօր իրոք գետերը նստել են, ջրի սղություն կա, հասկանում ենք արդեն, մենք էլ` ջրօգտագործողներս էլ ենք ըմբռնումով մոտենում, խնդիրն այդ է, որ Ակնալճի հատվածում ջրերը գյուղ հասցնել չենք կարողանում, քանի որ մենք տեսնում ենք` իրականում ցանկություն կա, բայց ջրի սակավությունը խնդիրներ է առաջացնում: Էդտեղ իրենք էլ են անզոր, քանի որ կոնկրետ ես, չհավատալով, մի քանի անգամ դուրս եմ եկել ջրագիծ, հասել եմ մինչև Ապարանի ջրանցք, գյուղապետերով հասել ենք Սևանի ջրանցք, չենք հավատացել իրանց` մտածելով, որ խաբում են, բայց պարզվեց՝ իրոք, ջրի սակավություն կա»,- ասաց նա:
Միսակյանի խոսքով՝ այն տարիներին, երբ բնությունը տհաճ անակնկալներ չի մատուցում, ջրամբարներում ջուրը նորմալ է լինում, իրենց աշխատանքը հեշտ է լինում, ժողովուրդն էլ՝ գոհ, բայց կոնկրետ անցյալ տարի, այս տարի, երբ եղանակը չորային է, ժողովրդի վիճակը նախանձելի չէ: Համայնքի ղեկավարը նշեց, որ իր համար միանշանակ է՝ միակ փրկությունն այս պարագայում Սևանից ջրառի ավելացումն է: «Ճիշտ է, Սևանը բոլորիս համար է, ոչ միայն բնապահպաններն են մտածում մեր ազգային հարստության մասին, մենք էլ ենք հավասարաչափ մտածում, բայց դե այստեղ տարբերակն էդ ա՝ կամ նոր խորքային հորերի հորատում, եթե գյուղատնտեսությունն ուզում են, որ մնա, կամ Սևանին պիտի նեղություն տան, ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում»,- ասաց նա՝ հավելելով, որ վիճակը տարեցտարի է վատանում, մի տարում չի եղել:
Սևջուրը մինչև 18 խմ-ից իջել է 620 լիտրի, արդեն հինգ-վեց տարի է՝ դրական դինամիկա չկա, վիճակը միայն վատանում է: Նախորդ տարի ամբողջ գյուղը խմելու ջրից է զրկվել: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց, որ այդ հարցն անմիջապես բարձրացվել է կառավարության կողմից, մի ամսում խմելու ջրի խնդիրը լուծվեց, բայց ոռոգման ջուրը խորքային հորերի ջրով չի լինի, մանավանդ՝ Ակնալիճ գյուղում միայն 1000 հա գյուղնշանակության հող կա: Պատճառն, ըստ գյուղապետի, միայն գյուղացիների կողմից ջրային պաշարների անարդյունավետ օգտագործումը չէ: «Ասեմ՝ գյուղացիները, որպես ջրօգտագործող, պետք է մասնագետ լինեն, մենակ հողը չի: Առաջին պատճառը նրանց՝ ոչ մասնագետ լինելն է, երկրորդը՝ հողը որ արդեն ջրազրկվում է, կամա-ակամա մինչև 30 տոկոս նորմայից ավել ջուր է պահանջվում, որպեսզի իր նորմային գա հասնի, այսինքն՝ եթե նորմայով նախատեսված է կոնկրետ առվույտին 9200 խմ, էս երաշտների պատճառով ինքնըստինքյան մինիմում երեսուն տոկոս մենք ավել պետք է տանք, քանի որ կլիմայի պատճառով դրա կարիքը կա, այսինքն՝ ուզենք, թե ոչ, նորմայից երեսուն տոկոս ավել է ծախսվելու, եթե չծախսվի, բերքը չենք ստանա»,- ասաց նա:
Հարցին՝ մինչև ջրի հատկացումն ինչպես են լուծում այդ հարցը, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ դա նաև գլոբալ խնդիր է, և կարծում է՝ մի քանի տարբերակ կա. կառավարությունը պետք է շատ գումարներ ծախսի, փոքր ջրամբարներ կառուցի, որ իրենց ջրահոսքերը չգնան, Թուրքիա լցվեն. դա կլինի ոչ թե մեխանիկական, այլ ինքնահոս ոռոգում, երկրորդ տարբերակն, ըստ նրա, ամենացավոտ հարցն է՝ նոր հորատված լճերը, որ կառուցել են Մասիսի տարածաշրջանում, այս նույն ձկնաբուծարանները նախկինում եղել են Ակնա լճում, եթե չհորատեին, այդ ջուրը կմնար Ակնա լճում, այնտեղ որպես ձկնաբուծական կշահագործեին, և այդ ջուրը կօգտագործեին միաժամանակ ոռոգման նպատակով, քանի որ դա արդեն եղել, անցել է, և այն ետ բերելը տարիներ կտևի:
Հարցին՝ խմելու ջրի հարցը լուծվա՞ծ է, նա պատասխանեց, որ եթե Սևանից ջուր չհատկացնեն, ուրիշ տեղից ջուր չի կարող լինել: «Թող ոնց ուզում են բերեն, ջուր տան, եթե պայմանագիր են կնքել, բարի լինեն, իրենց պայմանագրի կետը կատարեն, թող ջուր տան մեզ: Բայց ես գիտեմ, որ ջուր չկա, Ապարանի ջրամբարում, որ ամեն տարի հասել է մաքսիմալի, այս պահին մինիմալ մասը չկա: Դե, ոնց են ջուր տալու, որտեղի՞ց պիտի տան: Եթե 70 մլն խմ-ն, որ նախատեսել էին լրացուցիչ, տան, Աստված չանի, կլիմայի չորություն լինի, դրա պատճառով օգոստոս ամսին մենք նորից մնալու ենք առանց ջուր: Համոզված եմ՝ նորից հարց է բարձրանալու՝ Սևանից լրացուցիչ ջուր պահանջելու, եթե չորային լինի: Եթե տա Աստված, որ ապրիլ-մայիս ամսին ջրամբարներում դարձյալ ջուր կուտակվի, ինչքան շատ կուտակվի, այնքան քիչ անհրաժեշտություն կլինի Սևանից ջրառի»,- ասաց նա:
Արմավիրի Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը տեղեկացրեց, որ իրենց համայնքում էլ խնդիրը կա և գնալով ավելի խորանում է: Մարկոսյանի խոսքով՝ միայն ոռոգման ջուրը չի խնդիրը, նաև խմելու ջրի խնդիր կա: Ոռոգման նպատակով՝ հողամասերը ջրելու համար կեղտաջրերն էլ են օգտագործվում, խնդիրը մինչև այժմ այդքան զգալի չէր, սակայն նախորդ տարվանից այն հատկապես զգալի է: Համայնքի ղեկավարը դժվարացավ նշել՝ արդյոք Սևանա լճից հատկացվելիք ջրի պաշարն ամբողջությամբ կլուծի՞ իրենց խնդիրները, նշեց՝ նախապես դժվար է ասել, ժամանակը ցույց կտա: Մարկոսյանն ասաց, որ թեև ոռոգման ջրի հարցն էլ է կարևոր, սակայն հիմա իրենց հիմնականում խմելու ջրի հարցն է մտահոգում: Նա տարբերակներ էլ նշեց. եթե Մասիսի շրջանում աղբյուրներ փակվեն, ջուրը կբարձրանա: «Իհարկե, Սևանը Հայաստանի պարծանքն է, մի հարցը լուծելով՝ չարժի մյուսին վնաս տալ, ամենաճիշտը կլինի, որ Արարատի մարզում՝ Մասիսի, Արտաշատի կողմի հորերը գոնե հիսուն տոկոս փակվեն. որ փակվեն, ջուրը կբարձրանա: Առաջ մեր ջուրը Ակնալիճի մայր առվից գալիս էր, ոռոգում էր կատարվում, հիմա էդ առուն ցամաքած է»,- ասաց նա:
Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին խորհրդարանական լսումներ է կազմակերպել, որոնցում քննարկում էր Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է մինչև Սևջուր և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծումը, ինչպես նաև առաջնահերթ ջրամբարաշինությունների ավարտը՝ Սևանա լճից բացթողնման տարեկան չափաքանակ սահմանել 240 մլն խմ (70 մլն խմ ավել)՝ կախված Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների Հրազդան գետ, Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներ, ջրատվության աստիճանից:







































