«Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծն, ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է: Դրանով նախատեսվում է միավորել ՀՀ ոստիկանության և Պաշտպանության նախարարության կազմում գործող քննչական ծառայությունները:
168.am-ը ԱԺ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ ազդեցություն կունենա այս երկու կառույցների միավորմամբ ստեղծված քննչական կոմիտեն նախաքննության որակի վրա: Ի պատասխան` Է. Մարուքյանն ասել է, թե նախաքննության որակի, մակարդակի բարձրացման բոլոր հիմքերը կան, ինչն էլ, նրա խոսքով, հետագայում ազդեցություն կունենա դատարանում քննվող գործերի վրա.
«Մեծ հաշվով, պետք է դրական ազդեցություն ունենա քրեական արդարադատության վրա: Դրա համար «Քննչական կոմիտեի մասին» օրենքով կան, այսպես ասած, բոլոր նախապայմանները»: Է. Մարուքյանի կարծիքով՝ հետագայում մյուս բոլոր քննչական մարմինները, բացի Հատուկ քննչական ծառայությունից, պետք է միավորվեն քննչական կոմիտեում: «Հավատում եմ, որ պիտի միավորվեն: Դա կլինի մեկ թե երկու տարի անց, բայց ապագան դրան է տանելու»:
Ինչպես հայտնի է, միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին կարգադրությունը նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր 2013թ. սեպտեմբերին: Այդ որոշման համաձայն՝ միասնական քննչական մարմին պետք է ստեղծվեր Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա:
Սակայն որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ ցանկից դուրս է մնացել ՊԵԿ կառուցվածքում գործող քննչական մարմինը: Էդմոն Մարուքյանից հետաքրքրվել են՝ ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը: «Ես չունեմ ինֆորմացիա, թե ինչպես ստացվեց, որ այդ մարմինը դուրս մնաց քննչական կոմիտեի կազմից: Դրա հետ կապված հարցեր հնչեցվել են նաև Ազգային ժողովում:
Իմ պատասխանը նույնն է, որ հետագայում թե ՊԵԿ-ի, թե ԱԱԾ-ի քննչական մարմինները, անկախ նրանց գործունեության առանձնահատկությունից (նրանք կարող են իրենց գործունեության առանձնահատկությունը պահպանել նաև կոմիտեում), պետք է միավորվեն կոմիտեի մեջ: Իմ մոտեցումը սա է: Թե ինչո՞ւ են հանել կազմից, չեմ կարող ասել: Որևէ մեկն ինձ չի ասել, թե ինչու են հանում, կամ ինչու չի միավորվում: Հիմնական փաստարկն այն էր, որ միացնելով միայն այս երկու մարմինները՝ մենք քննվող 95 տոկոս քրեական գործերն իրար ենք միացնում:
Այսինքն՝ երկու մարմին միասին վերցրած քննում են հանրապետությունում քրեական գործերի 95 տոկոսը: Լավ, բայց մյուս 5 տոկոսն էլ պետք է բերենք՝ բացի Հատուկ քննչական ծառայությունից: Եթե բերվում է փաստարկ, որ Ազգային անվտանգության ծառայությունը կամ Պետական եկամուտների կոմիտեն առանձնահատուկ բաներ ունեն, ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարությունն էլ առանձնահատուկ բաներ ունի: Հետևաբար, եթե ՊՆ-ի քննչական մարմինն իր առանձնահատկությունները պահպանելով` կարող է գտնվել կոմիտեի կազմում` անգամ քննչական ծառայության այն քննիչները, ովքեր քննելու են զինված ուժերի հետ կապված քրեական գործեր, կարող են տարբերվող համազգեստ ունենալ, հետևաբար՝ պահպանելու են իրենց սպեցիֆիկ դերը, այս կոնտեքստում կարող են լինել նաև ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը՝ իրենց առանձնահատկություններով,-ասաց նա: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում»:
Մանրամասները՝ 168.am-ում
Լուսանկարը՝ Hetq.am-ի









































