Փետրվարի 15-ին Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ հանրության 80 տոկոսը դժգոհ է կուտակայինից, նա պնդեց նաև, որ ներդնելու են այս համակարգը՝ այդ քաղաքականությանը հայտնելով իր աջակցությունը: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Այստեղ է թաքնված մեր իրականության, ձախողումների իրական պատճառը: Քաղաքացիների 80 տոկոսը կարող է փոփոխություններ մտցնել Սահմանադրութան մեջ, այդ 80 տոկոսը պետականության կրողն է: Ովքեր են ուրեմն նրանք, որ հանդգնում են հայտարարել, թե միևնույն է՝ կյանքի են կոչելու այդ որոշումը: Պարոնայք Սարգսյաններ դուք կարիք ունեք վերագնահատելու իրավիճակը, պետք է հասկանաք, թե ովքեր եք դուք և այս ժողովուրդը , որ այսօր 80 տոկոսի անունից կանգնած են այստեղ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ պարտադիր կուտակայինը ակնհայտ է դարձնում՝ էլիտայի 20 տոկոսը իր կամքն է պարտադրում ժողովրդին: «Եվ ուրեմն՝ «Դեմ եմ»-ը պայքար է հանուն ժողովրդի ու նրա իրավունքի: Կասկած չկա, որ այս պայքարը պսակվելու է հաղթանակով: Թե ինչ պայմաններում և երբ՝ ժամանակը ցույց կտա: Իշխանությունը չի կարողանում ժողովրդին համոզել, որ պարտադիր կուտակայինը նրա շահերից է բխում: Պարոնայք իշխանավորներ, հեռու մնացեք ժողովրդի գրպանից, փող եք ուզում, դիմեք օլիգարխների ու կոռումպացված մարդկանց գրպաններին, ովքեր միլիոնավոր դոլարներ են դուրս բերում երկրից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կանի ամեն ինչ՝ շարժման հաղթանակի համար:











































