Ռուս-թուրքական շահերը տարածաշրջանում բախվում են: Այսօր «ՆԱՏՕ-Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում այս մասին ասաց թուրք փորձագետ, Քադիր Հաս համալսարանի ներկայացուցիչ Միթաթ Չելիքպալան՝ վերլուծելով Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունները:
Նա նշեց, որ Թուրքիան ակտիվ արտաքին քաղաքականություն չի վարում ընտրությունների պատճառով: Ըստ նրա՝ 2008-ը կարևոր էր Թուրքիայի համար, քանի որ Թուրքիան որոշեց զգուշավոր գործել տարածաշրջանում, ուստի սկսեց աշխատել իր ավանդական գործընկերների և ՆԱՏՕ-ի հետ, կան խնդիրներ ԵՄ-ի հետ, բայց Թուրքիան դեռ նայում է դեպի ԵՄ. դա պետք է հաշվի առնել:
«Հայ-թուրքական երկու արձանագրությունները սառեցված են, բանակցություններ չկան, երկու կողմերում բացակայում է քաղաքական կամքը, չկա առաջընթաց, ցանկություն՝ վերսկսելու բանակցություները, ես չեմ տեսնում հեռանկար նաև Երևանում: Թուրքիան մտածում է, որ տարածաշրջանի համագործակցությունը հնարավորություն կընձեռի նորմալիզացնել հակամարտությունները, որի համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և Հայաստանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի Թուրքիայի ուղղությամբ: ԼՂ-ն ևս Թուրքիայի համար առաջնահերթություն է»,- պարզաբանեց թուրք փորձագետը:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա նրա խոսքով՝ Թուրքիան էքսպանսիստական երկիր չէ և փորձում է ձևավորել կայուն տարածաշրջան: «Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանում մրցակիցներ են, և միշտ չէ, որ այս երկու երկրների շահերը համընկնում են, դրանք նույնիսկ բախվում են՝ ինչպես Ղրիմի դեպքում. Թուրքիան ղրիմյան գործողությունները անօրինական է համարում»,- ասաց Միթաթ Չելիքպալան:








































