ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի ոստիկանությունը հրապարակել է նախկինում անհայտ լուսանկարներ, որոնք արվել են 20 տարի առաջ՝ երաժիշտ Կուրտ Քոբեյնի մահվան հանգամանքները հետաքննելիս: Այս մասին հաղորդում է KIRO TV հեռուստաալիքը:
Nirvana խմբի առաջնորդն ինքնասպանություն է գործել 1994-ի ապրիլի 5-ին՝ հրազենով կրակելով իր վրա: Այդ պահին նա գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ:
Լուսանկարները, որոնք ոստիկանությունը փոխանցել է ԶԼՄ-ներին, արված են եղել հենց դեպքի վայրում: Դրանցից մեկում երևում են սիգարների տուփը, գդալը և ներարկիչը: Տուփի կողքին՝ հատակին ընկած են մինչև վերջ ծխած սիգարետների մնացորդներ և արևային ակնոցներ:
Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ լուսանկարները սենսացիոն նյութեր չեն պարունակում և չեն հերքում Քոբեյնի ինքնասպանության նախկին վարկածը:











































