2007 թվականից Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքային համայնքում են ապրում Բալասանյանների բազմանդամ ընտանիքը:
Բնակարանային խղճուկ պայմանները, որ աչքի է զարնվում դեռ շեմից, ոչ մի կերպ չի արտահայտվում տանտերերի հյուրասիրության վրա: Հակառակը, անսահման ուրախությունը՝ իրենց հարկի տակ հյուրեր տեսնելու համար , փոխանցվում է նաև հյուրին ու նահանջի մատնում անհարմարության զգացողությանը:
Այսպիսի պայմաններում մեկ բաժակ սուրճի մեջ այնքան ջերմություն ու մարդասիրության համ ես զգում, որ դժվարանում ես զուգահեռներ տանել իրականության ու աշխարհից կտրված այս անկյունի միջև:
«5 երեխա ունեմ, բոլորն էլ այստեղ են ծնվել, փառք աստծո, չենք դժգոհում, կարևորը՝ աշխատանք ունենք, ես քաղաքապետարանում հավաքարար եմ աշխատում, ամուսինս էլ պահակ, նաև հողագործությամբ ենք զբաղվում»՝ աշխատելով թաքցնել արօրյա հոգսերը , պատմում է տանտիկին Թեհմինե Այոնցը:
Սերգեյի և Թեհմինեի ընտանիքը 17 տարի առաջ է տեղափոխվել Արցախ, սկզբից ապրում էին Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր գյուղում, 2007-ից հաստատվեցին Միջնավանում: Ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրը ամուսինների աշխատավարձն ու երեխաների նպաստն է: Տնամերձից ստացված եկամուտը հազիվ հոգում է ձմռան կարիքները: Ապրուստից չեն դժգոհում, սակայն բնակարանի խնդիր ունեն:
«Այս տունը որտեղ հիմա ապրում ենք, մերը չէ: Արդեն 7 տարի է այստեղ ենք ապրում, չգիտենք ումն է: Եթե բնակարանը մեր սեփականը լիներ՝ կվերանորոգեյինք: Դիմել ենք մեր ղեկավարությանն ու դեռ սպասում ենք պատասխանի»:
Տունը, որտեղ մեծանում են 5 երեխաները, այդքան էլ բարվոք վիճակում չէ: Երկու հարմարեցված սենյակի մեջ ապրում է ութ հոգանոց ընտանիքը: Նրանց հետ է ապրում նաև Սերգեյի մայրը՝ Բաքվից փախստական Լյուդմիլա Բալասանյանը: Թոշակ չի ստանում, այստեղ աշխատանքային ստաժ չունենալու պատճառով:
Հարցով մի քանի անգամ դիմել են ԼՂՀ կառավարությանը, սակայն որևէ բան չի փոխվել:
«Կարևորը երեխաներս սոված չեն, ու ապրելու տեղ ունենք»- ասում է տիկին Թեհմինեն:
Առօրյա հոգսերն ու դժվարությունները, վստահաբար, ընտանիքը հաղթահարում է օջախում տիրող հաշտ ու խաղաղ մթնոլորտի շնորհիվ: Ուրախությունը երեխաներն են, տանտիրոջ աշխատասիրությունը, Լյուդմիլայի երգն ու ասմունքը, 4-ամյա Աշոտի զինվոր դառնալու նպատակը,Արթուրի չարաճճիությունն ու թոթովախոս Գոռի ամեն բառը:










































