Իրաքյան, արաբական և ուկրաինական հակամարտությունների մեջ ընդհանուր գիծ չպետք է փնտրել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Աշխարհի երկբևեռության կամ բազմաբևեռության հարցը վաղուց է դրված: Չնայած զարգացման տեմպեր են ցուցաբերում Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը, որ ուզում է վերակազմակերպվել, սակայն անվիճելի է, որ աշխարհի ամենաուժեղ բևեռը շարունակում է մնալ ԱՄՆ-ը»,- ասաց նա:
Անդրադառնալով բուն ուկրաինական խնդրին և Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներին՝ Մհեր Շահգելդյանը նկատեց, որ խոշոր բախումներ, ընդհուպ՝ երրորդ համաշխարհային պատերազմ չի կանխատեսում: «Ղրիմի հանրաքվեն կամարտահայտության ձև էր, խնդրի իրավական կարգավորում և մոտեցում: Սակայն այս առումով դեռ հղկումներ կլինեն: Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներն ազդեցություն ունենան նաև Հայաստանի վրա, ապա չպետք է մոռանանք, որ մենք այդ երկրի հետ գործընկերներ ենք, և Ռւսաստանից Հայաստան մեծ չափով դրամական տրանսֆերտներ են գալիս: Ստացվում է, որ ՌԴ հանդեպ պատժամիջոցները կարող են ազդել նաև հայաստանյան տնտեսության վրա»,- ասաց բանախոսը:
Հարցին՝ չի՞ կարծում, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելը խնդրահարույց իրավիճակ կստեղծի, պատգամավորը պատասխանեց, որ խնդրահարույց որևէ իրավիճակի միտում չի տեսնում, և ինքն այդ առումով մեծ հիմնախնդիրներ չի պատկերացնում : «Կա ճանապարհային քարտեզ, ՄՄ-ի կազմում արդեն իսկ կա երեք երկիր, մնացածը ավելի պարզ կլինի ավելի ուշ»:
Ամփոփելով՝ խորհրդարանականն անդրադարձավ նաև ընդդիմադիր չորս ուժերի գործելաոճին՝ նշելով, որ միասնական օրակարգ նրանց մոտ չի տեսնում: «Նույնիսկ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում նրանք տարբեր մոտեցումներ են նախանշում»,- ասաց նա:
Լուսանկարները՝ Armenpress-ի









































