Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, թերևս, առաջին անգամ սահմանադրության օրը դիմավորում ենք հենց Սահմանադրության շուրջ առաջացած թնջուկով: Արդեն տևական ժամանակ է Հայաստանը շարունակում է քննարկել սահմանադրական տիրույթում ստեղծված իրավիճակը, որը շատերը գնահատում են իբրև ճգնաժամ, ոմանք՝ իբրև կամայականություն, Սահմանադրության ոտնահարում, իրավագիտության տրորում և այլն: Ուշագրավն այն է, որ ծավալվում է մի հետաքրքիր տենդենց՝ թե՛ այս, թե՛ այն «ճամբարային» դիրքավորմամբ ներկայացող տարբեր անձինք և խմբեր դարձել են Սահմանադրության և անկախ արդարադատության հավատավոր պաշտպաններ:
Թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Կարապետ Բադալյանը:
«Մեր հասարակությունը պետք է գիտակցի Սահմանդրության կարևորությունը»,- նշեց Ս. Գաբրիելյանը: Տիգրան Եգորյանն ընդգծեց, որ Սահմանադրության ընդունումը հիմքն է ամբողջ պետականության: Կ. Բադալյանը հավելեց, որ Սահմանադրությունն այն առանցքն է, որի շուրջ կառուցվում է և՛ ներկան, և՛ ապագան:
Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող զարգացումներին և վեճին՝ Ս. Գաբրիելյանը կարծիք հայտնեց, որ որևէ քաղաքական ուժը չի բարձրացրել այս խնդիրը, ուստի գործընթացները քաղաքական չեն. «Այս մասին բարձրաձայնել է ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, նրա բարձրաձայնած խնդիրը գոյություն ունի: Սա իմ կարծիքով՝ իրավունքի մեկնաբանություն է: Տարբեր կերպով են մեկնաբանում, բայց որևէ մեկը կասկածի տակ չի դրել Վահե Գրիգորյանի պրոֆեսիոնալիզմի մակարդակը: Պետք է հասկանանք՝ ինչպես պետք է հանգուցալուծվի այս վեճը: Ընդունելի և տրամաբանական կլիներ ՍԴ անդամների հրաժարականը:
2015թ. փոխվեց Սահմանադրությունը, նախկին իշխանությունը կրկնակի խաբեց հասարակությանը… Այն չափանիշները, որ մատուցվում էին մեր հասարակությանը, չեն գործում»:
«Խնդրի ախտորոշումը չի նշանակում, որ հիվանդությունն այդ պահին է առաջացել… Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրն արդեն «կլինիկական մահվան» կարգավիճակ է ստացել»,- ընդգծեց Տ. Եգորյանը: Կ. Բադալյանը հավելեց. «Ոչ թե ճգնաժամ է առաջացել, այլ գործ ունենք իր առաքելությունն արդեն սպառած, տապալված ՍԴ-ի հետ»:
Մանրամասն տեսանյութում:








































