Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը հայտարարել է նպատակաուղղված ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու և մուտքի այցագրի արգելքի մասին այն անձանց նկատմամբ, որոնք առանցքային դեր են խաղում Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող Ռուսաստանի քաղաքականության մեջ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Պատժամիջոցները և երկիր այցելելու արգելքը ներկայում տարածվում են 12 ռուսների և ուկրաինացիների նկատմամբ: Այդ գործողությունները հաստատում են մեր հստակ և միանշանակ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է նա:
Ավստրալիայի ԱԳՆ-ում գործակալությանը հայտնել են, որ անձանց անունները, որոնց մուտքն արգելվել է Ավստրալիա, չեն հրապարակվի: Այն անձանց անունները, որոնց նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվել, կհայտարարվեն պատժամիջոցների սահմանման կանոնների մասին 2011թ. օրենսդրական ակտում ուղղումներ մտցնելուց հետո: ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դա արվում է՝ խուսափելու համար Ավստրալիայից միջոցների դուրսբերման վտանգից: