«Հրապարակ»-ը գրում է. « «Ժառանգություն» կուսակցությունը ողբալի վիճակում է հայտնվել՝ այստեղ հինգ հոգով յոթ երգ են երգում ու այդպես էլ չեն կողմնորոշվում քառյակի գործունեության հետ կապված: Մինչ Գագիկ Ծառուկյան-«Ժառանգություն» հանդիպումը կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը քառյակի մերանի կամ խոսնակի գործն էր ստանձնել և ամեն կերպ խրախուսում էր միասնական գործունեությունը: Անցած ուրբաթ կայացած հանդիպումից հետո անշեղորեն լուրեր տարածվեցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-որ պահի կարող է «Ժառանգությունը» դուրս բերել քառյակից:
Չտեսաձայնագրված հանդիպումից հետո միակ «իրեղեն ապացույցը» Րաֆֆի Հովհաննիսյանի տարակարծություններ առաջացնող հայտարարությունն է: «Կառավարությանն անվստահություն հայտնելը կիսամիջոց է, և երկրում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն: Մի վարչապետ, մի նախարար, մի չինովնիկ փոխելով՝ չի փոխվի: Մենք բոլորս գիտենք, որ մեր արատն ամենավերևից է»,- շաբաթ օրը Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կարծես գաղտնազերծելով հանդիպման խոսքուզրույցը: Դրան հաջորդեց Անահիտ Բախշյանը, ով հայտարարեց. «Կառավարության, վարչապետի հրաժարականի պահանջը մեծ-մեծ փուչիկ է», իսկ այդ փուչիկը շատ շուտով կպայթի: Բախշյանն այն կարծիքին է, որ նախևառաջ պետք է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել:
Որոշ լուրերով՝ Ծառուկյանի հետ հանդիպմանը նաև Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավոր առաջարկն է եղել հանդիպում կազմակերպել քառյակի լիդերների մակարդակով։ «Ժառանգության» ղեկավարն իր միտքն այսպես է բացատրել, որ իր, Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Հրանտ Մարգարյանի՝ առաջին գծում հայտնվելու փաստը թե հասարակության մակարդակում վստահությունը կմեծացնի այս ուժերի նկատմամբ, և հարկ եղած դեպքում իրենք առանց վարանելու իշխանությանը փողոցով կսպառնան, թե իշխանության վախը կմեծանա։
…. Իրականում, «Ժառանգությունում» այս համագործակցությունը երեք թևի է բաժանել կուսակցականներին: Ոմանք ռեալ պոլիտիկի շրջանակներում, այդուհանդերձ, կողմ են համագործակցությանը՝ ցանկացած ֆորմատով, որպեսզի դուրս չմնան գործընթացներից, որոշները սկզբունքորեն դեմ են՝ փաստարկելով երեքի և իրենց տարբեր դիրքորոշումները Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հարցում, իսկ երրորդ խումբն էլ կողմ է իրավիճակային որոշումներին, այսինքն՝ մասնակցել մինչև այն պահը, երբ կբացահայտվի այդ համագործակցության իրական նպատակը: Թե որ տեսակետը կհաղթանակի, կերևա առաջիկայում:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































