Եթե հավատանք նախագահի մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին ուղարկած պատասխանին, նախագահականում անշեղ հավատում են, որ բյուջեից հսկայական գումար ստացած, բայց չգործող ՀԿ-ները կարող էին «գործել մեկ այլ վայրում»: Նաև` ոչ մի վատ բան չեն տեսնում, որ դրանք գրանցված են նույն մարդկանց անուններով:
Նախագահական նստավայրի միջոցով ֆինանսավորվող, սակայն չգործող ՀԿ-ների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը հարցեր էր ուղարկել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակին, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին` հետաքրքրվելով, թե արդյոք այդ գումարները վերադարձվե՞լ են բյուջե և քանի՞ հոգի է պատասխանատվություն կրել այդ գործարքների համար:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սկզբին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» պարզեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմը 2010-2013թթ. ընթացքում 31 ՀԿ-ների ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացել է շուրջ 500 մլն ՀՀ դրամ և ամենամեծ չափով գումար ստացած ՀԿ-ները նույն անուն-ազգանունով մարդիկ են ղեկավարում, ավելին` «Ազատություն» ռ/կ-ը բացահայտել էր, որ դրանք անգամ չեն էլ գործում իրենց գրանցած հասցեներում, պարզապես գոյություն չունեն:
Բոլորովին վերջերս նմանատիպ հետաքննություն էր կատարել «Սիվիլնեթը»` կրկին պարզելով, որ ծխելու դեմ պայքարի հարցում նախագահի գործընկեր, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրած 60 մլն դրամ գումարից 10 մլն-ն տրամադրվել է 4 ընկերությունների, որոնք, ինչպես պարզել էր «Սիվիլնեթը», որևէ միջոցառում չեն կազմակերպել և չեն պայքարել ծխելու դեմ, իսկ հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն իր ասուլիսում չի հերքել այս փաստը: Բացի դա, այս 4 կազմակերպությունների հիմնադիրները նույնպես նույն մարդիկ են՝ ՄԻԱԿ կուսակցության անդամներ:
Քանի որ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ նկարագրել է պետական գումարներին ձեռք գցող պաշտոնյաներին, նախագահական նստավայրից պարզաբանում էինք խնդրել, թե ի՞նչ է բացահայտել նախագահի աշխատակազմն այս առթիվ և ո՞վ է պատասխանատվություն կրելու պետական բյուջեի գումարների փոշիացման համար, քանի որ գումարը տրամադրել է նախագահականը:
Պարզվեց` նախագահականը որևէ բացահայտում չի արել ու ցանկություն էլ չունի որևէ բան պարզելու կամ որևէ մեկին պատասխանատվության կանչելու: «Նույն անձանց կողմից ղեկավարվող որոշ ՀԿ-ների և այդ կազմակերպությունների գրանցման հասցեների հետ կապված Ձեր հարցադրման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դեռևս 10.06.2013թ. «Զարգացում և ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը ԶԼՄ-ների նույնաբովանդակ հարցումներին պատասխանել էր կազմակերպության պաշտոնական կայքում համապատասխան հրապարակմամբ»,- ասված է մեզ ուղարկած պատասխանում: Ըստ այդմ` հրապարակումը հետևյալն է. «Ինչ վերաբերում է մտահոգությանը, որ դրամաշնորհները շահած կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերում հաճախ կարելի է հանդիպել միևնույն անուն-ազգանուններ, ապա նշենք, որ օրենքը չի արգելում քաղաքացիներին հանդիսանալ մեկից ավելի հասարակական կազմակերպության անդամ: Ի տարբերություն կոմերցիոն բնույթի կազմակերպությունների, ոչ կառավարական հասարակական կազմակերպության հիմնադիր լինելը, ՀՀ օրենսդրության համաձայն, չի ենթադրում տվյալ կազմակերպության կառավարմանը կամ գործունեությանը պարտադիր մասնակցություն: …Գաղտնիք չէ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում հասարակական կազմակերպությունների, և առհասարակ իրավաբանական անձանց գրանցման և գործունեության հասցեները գրեթե երբեք չեն համընկնում, ինչն ամենևին չի կարող տվյալ իրավաբանական անձի գոյության և գործունեության բացակայության ապացույց հանդիսանալ»:
Ստացվում է` ՀՀ նախագահական ապարատում հավատացել են, որ Հայաստանում ժողովրդավարությունը կարելի է զարգացնել նաև նույն անուններով գրանցված, պետբյուջեից սնվող, բայց փաստացի գոյություն չունեցող ՀԿ-ներով և չեն պատրաստվում որևէ մեկին պատասխանատվության կանչել:
Ինչ վերաբերում է 2013-ին ծխելու դեմ պայքարի ծրագրին, ապա թերևս նախագահականում կարծում են, որ պետբյուջեի միջոցներով ծխելու դեմ պայքարել կարող են ՄԻԱԿ-ականները, ընդ որում` առանց որևէ միջոցառում կազմակերպելու և նշված հասցեներում չգործող ՀԿ-ներով: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեության և նույն ՄԻԱԿ-ականների ՀԿ-ներին բաշխած գումարների առթիվ նախագահականը միայն արդարացումներ է ներկայացրել` ստանձնելով ՀԵՀ-ի փաստաբանի դերը: Սա այն դեպքում, երբ լրատվամիջոցներում հստակ նշվել են գոյություն չունեցող 4 կազմակերպությունները, որոնք 10 մլն դրամ գումար են ստացել ՀԵՀ-ի միջոցով:
Ավելին` մեր հարցին, թե ինչպե՞ս է նախագահի աշխատակազմը գնահատում գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատանքը, նախագահականից նման պատասխան են տվել. «Նախագահի աշխատակազմի գործընկեր կազմակերպություն ճանաչված Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված կարգով, պատշաճ իրականացնում է իր գործառույթները»:








































