Մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն կարող է տարածաշրջանում դոմինոյի էֆեկտ առաջացնել: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ փոխանցում է TRT Haber հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում կան 1990-ականներին սկսված հակամարտություններ, որոնք ավելի ուշ վերածվել են սառած հակամարտությունների:
Անկարան ոչ մի դեպքում չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները՝ նշել է Դավութօղլուն:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Անկարան կոչ է անում Ռուսաստանին հարգել հարևան երկրների տարածքային ամբողջականությունը:
Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքներին, Դավութօղլուն նշել է, որ անթույլատրելի է տարածաշրջանում նման իրադարձություններին նպաստելը:
Թուրքիան պատասխանատվություն է կրում Ղրիմի թաթարների ճակատագրի համար՝ ասել է Դավութօղլուն: Նրա խոսքով՝ չկա որևէ կասկած առ այն, որ Ղրիմի թաթարների ճակատագիրը հանդիսանում է Անկարայի համար նույնպիսի առաջնահերթություն, ինչպես Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Ղրիմի թաթարներն անհիշելի ժամանակներից ապրել են Ղրիմում և կապրեն այդ տարածքներում:










































