Ուկրաինայի Գերագույն ռադայի քարտուղարությունում մարտի 17-ին գրանցվել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին օրինագիծը և ԵՄ ու ՆԱՏՕ մուտք գործեու մասին հայտը՝ պատգամավոր Օլեգ Լյաշկոյի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարից պահանջվում է «հայտարարել Զինված ուժերի մարտական պարտաստականություն, անցկացնել Ուկրաինայի զինապարտ քաղաքացիների մոբիլիզացիա և ստեղծել ժողովրդական դիմադրության ջոկատներ», նաև դիմել ՆԱՏՕ-ի անդամներին՝ խնդրելով «տրամադրել առավելագույն նյութատեխնիկական օգնություն՝ ժամանակակից ռազմական տեխնիկայի ու սպառազինությունների տեսքով», խզել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերություններն ու մտցնել այցագրային ռեժիմ:
Առաջարկվում է նաև դադարեցնել ռուսական հեռուստառադիոալիքների հեռարձակումըմը ու տպագիր մամուլի տարածումը, որոնք «օգտագործվում են Ուկրաինայի դեմ՝ որպես քարոզչական գործիքներ»:
Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք մասնակցում են «անջատողական միտինգներին», առաջարկվում է հավասարեցնել «օկուպանտների միջնորդներին», զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից ու ենթարկել քրեական պատասխանատվության՝ պետական դավաճանության համար:
Առաջարկվում է նաև «մահապատիժ սահմանել դավաճանների, դիվերսանտների, թալանչիների, մարդասպանների, դասալիքների ու լրտեսների նկատմամբ»:






































