Մարտի 13-14-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի թմրանյութերի դեմ պայքարի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանի բարձրաստիճան նախարարական համաժողովին:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ իր ելույթում փոխնախարար Հովակիմյանն անդրադարձել է Թմրանյութերի դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարությանը` ընդգծելով անցած տարիների ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացված գործնական և օրենսդրական բարեփոխումները` թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար: Նա վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` միջազգային հանրության հետ համատեղ շարունակելու պայքարը թմրանյութերի համաշխարհային խնդրի դեմ:
Համաժողովի մասնակիցներն ընդունել են համատեղ նախարարական հայտարարություն` Թմրանյութերի դեմ համաշխարհային պայքարի միջազգային համապարփակ համագործակցության ռազմավարության վերաբերյալ 2009թ. ընդունված Քաղաքական հռչակագրի և գործողությունների ծրագրի իրականացման մասին:










































