Ղրիմում տոնական տրամադրություն է տիրում, համենայնդեպս, թերակղզին Ռուսաստանին անդամակցելու կողմնակիցների ճամբարում՝ գրում է Der Spiegel գերմանական ամսագրի վերլուծաբան Բենյամին Բիդերը:
Տեղի բնակիչները շնորհավորում են միմյանց «տոնի» կապակցությամբ և Ուկրաինային ասում՝ «ցտեսություն»: Ամենուր շրջում են Ռուսաստանի դրոշներով ավտոմեքենաներ, վարչական շենքերի ցուցանակներում Ուկրաինայի դրոշների վրա փակցրել են ռուսական դրոշներ: Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը հանրաքվեն անվանել է «պատմական» իրադարձություն:
Քվեարկության արդյունքը եղավ կանխատեսումների համաձայն: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ղրիմը Ռուսաստանին անդամակցելուն կողմ է քվեարկել թերակղզու բնակիչների 95%-ը, հանրաքվեին մասնակցությունը գերազանցել է 80%-ը:
Սակայն չնայած Ղրիմում ուժեղ ռուսամետ տրամադրություններին՝ հանրաքվեն իրավմամբ չի ստանա համաշխարհային ճանաչում: Առաջին հերթին Ռուսաստանը և Ղրիմի ռուսամետ ուժերը խախտել են միջազգային իրավունքը և Ուկրաինայի սահմանադրությունը: Երկրորդ՝ հանրաքվեն անցկացվել է շուտափույթ, որի ժամկետները երկու անգամ փոփոխվել են. սկզբում մայիսից մարտի վերջ, այնուհետև՝ մարտի 16: Բացի դրանից՝ անդամակցության հակառակորդները գործնականորեն հնարավորություն չեն ունեցել քարոզարշավ անցկացնել: Մասնավորապես, ամբողջ Ղրիմում կախված են պաստառներ, որոնք քարոզում են անդամակցությունը Ռուսաստանին:
Բացի դրանից՝ Ղրիմի բնակիչների մեծ մասը նախատեսվող ընտրությունների մասին տեղեկացել են քվեարկությունից մի քանի օր առաջ, իսկ ընտանիքները, որոնցում ձայնի իրավունք է ունեցել մի քանի մարդ, ստացել են միայն մեկ հրավեր:
Այսպիսով, Կրեմլը հասավ այս հաղթանակին՝ չպահպանելով ինքնիշխանության սկզբունքները, կարծես թե Պուտինն ինքը վստահ չէր Ղրիմում ռուսամետ տրամադրությունների հարցում:
Պարբերականն ընդգծում է, որ առանձին հարց է արտասահմանցի լրագրողների աշխատանքը թերկաղզում: Մասնավորապես, ոստիկանությունն առգրավել է նրանց սարքերը: Օրինակ՝ շաբաթ օրը զինված անձինք խուզարկության համար ներխուժել են «Մոսկվա» հյուրանոց, որտեղ մնում էին լրագրողները:
Ինչ վերաբերում է «եվրոպացի դիտորդներին», որոնք հաստատել են Ղրիմի հանրաքվեի լեգիտիմիությունը, ապա դա տարօրինակ է այն ֆոնի վրա, որ Ռուսաստանը դեմ է «Ուկրաինայում հեղաշրջմանը, որն իրականացրել են ազգայնական ուժերը»:







































