Րոպեներ առաջ վրացական Ռուսթավի քաղաքի «Փոլադի» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլի «Մետալուրգ» (Ռուսթավի)-«Բանանց» (Երևան) պատասխան հանդիպումը:
Առաջին խաղակեսը շատ նման էր այս թիմերի երևանյան հանդիպմանը, և «Բանանց»-ը կրկին դժգույն տեսք ուներ, փոխարենը տանտերերը կրկին բավական գրագետ ֆուտբոլ էին ցուցադրում: Հանդիպման 18-րդ րոպեին Արթուր Եդիգարյանի կոպիտ սխալից հետո հաշիվը բացեց Գիորգ Միկաբերիձեն: Առաջին 45 րոպեների ընթացքում հայկական ակումբն ընդամենը մեկ վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ:
Երկրորդ խաղակեսի սկզբում «Բանանց»-ը սկսեց թիմի տպավորություն թողնել. փոխանցումների որակը բարձրացավ, պաշտպանությունում էլ կոպիտ սխալներ չկային: Իսկ հանդիպման վերջին 30 րոպեներն ամբողջությամբ անցան Ռաֆայել Նազարյանի թիմի կատարյալ առավելությամբ: 72-րդ րոպեին Դու Բալան իրացրեց իր իսկ վաստակած 11-մետրանոց հարվածն ու հավասարեցրեց խաղի հաշիվը: Մնացած 20-22 րոպեում Հայաստանի փոխչեմպիոնն առնվազն 3 անգամ կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն ամեն անգամ գրոհի եզրափակիչ մասում մեր տղաներին դավաճանում էր դիպուկությունը:
«Մետալուրգ»-«Բանանց»` 1:1: «Բանանց»-ը դուրս մնաց Եվրոպայի լիգայի խաղարկությունից:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Երևանում կայացած հանդիպումն ավարտվել էր վրացական թիմի հաղթանակով` 0:1 հաշվով և եթե «Բանանց»-ը կարողանար երկրորդ գնդակն ուղարկել «Մետալուրգ»-ի դարպասն, ապա կհայտնվեր հաջորդ փուլում:






































