Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլին կոչ է անում իր բոլոր կողմնակիցներին՝ հունիսի 21-ին վերստին գալ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտա՝ վերջ դնելու «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի կառավարմանը:
«Այժմ բոլոր հարցերն անհրաժեշտ է մի կողմ դնել, բոլոր նրանք, ովքեր սիրում են Վրաստանը, այդ թվում՝ իմ բոլոր կողմնակիցները, պետք է դուրս գան, որպեսզի հեռացնեն Իվանիշվիլիի ռեժիմը»,- հայտարարել է Սահակաշվիլին սոցցանցում տեսահեռարձակման ընթացքում:
Նրա խոսքով՝ «անթույլատրելի է, որ միջնադարյան ֆեոդալը կառավարի Եվրոպայի մասը դառնալու հավակնող երկիրը»: «Այդ մարդը ավերել է Վրաստանի տնտեսությունը, եւ միլիոնավոր վրացիներ են փախել երկրից, իսկ երեկ նա մինչեւ վերջ ծիծաղեց մեզ վրա ու հողին հավասարեցրեց»,- ասել է Սահակաշվիլին:
«Այդ մարդը պետք է հեռանա եւ վերադարձնի այն ամենը, ինչ գողացել է վրաց ժողովրդից՝ միլիարդավոր լարիներ վերջին հինգ տարվա ընթացքում»,- հավելել է Վրաստանի նախկին նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: