Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը Թուրքիայի դիվանագիտության հիմնական ուղղություններից մեկն է: Այս մասին Իզմիրում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ղրիմա-թաթարական ժողովրդի Մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլևի հետ հանդիպմանը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մեզ անհանգստացնում է տեղի ունեցածը և աճող լարվածությունը: Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Ղրիմում բախումներ չլինեն և Ղրիմի թաթարները չտուժեն: Թուրքիան նաև ակտիվ դիվանագիտական աշխատանքներ է տանում Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային և քաղաքական ամբողջականությունը պահպանելու նպատակով»,- ասել է Էրդողանը:








































