Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները, որոնք պահանջում են խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը, այս պահին փորձում են ներխուժել Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի շենքը: Ինչպես հաղորդում են վրացական հեռուստաալիքները, ոստիկանությունը փորձում է հակազդել ցուցարարներին:
Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ հինգշաբթի կոչ են արել իրենց համախոհներին գալ հանրահավաքի՝ բողոքելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր ասամբլեային ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորած ռուսաստանյան խորհրդարանական պատվիրակության մասնակցության դեմ: Ընդդիմության բողոքն առաջացրել է այն փաստը, որ Գավրիլովը, վեհաժողովի բացման նիստում զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռը: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը իշխանություններին և խորհրդարանի նախագահին մեղադրել է նման բան թույլ տալու համար:
Հանրահավաքում ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան հայտարարել է, որ հանրահավաքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Կոբախիձեն հրաժարական չտա:
Նրա խոսքերով, հանրահավաքի կազմակերպիչները որոշել են ավելացնել նաև ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի և պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականի պահանջը:
Միևնույն ժամանակ, ըստ լրատվամիջոցների հաղորդումների, խորհրդարանի նախագահը, որը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում, հայտարարել է, որ մտադիր չէ լքել զբաղեցրած պոստը:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը խափանվել է, երբ ռուս պատգամավորը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռը: Դրանից հետո ՌԴ պատվիրակությունը որոշել է լքել Թբիլիսին: