Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը. Այժմ շարունակվում է 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննարկումը համարեց էքստրաօրդինար. «Քննարկում ենք մի բյուջեի կատարման հաշվետվություն, որի ընդունմանը դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը, և մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ»:
Մարուքյանը, սակայն, կարծում է, որ չի կարելի չխոսել խնդիրների մասին. «Որպեսզի այդ խնդիրները չկրկնվեն 2019 թվականին, հետո 20-ին, 21-ին»:
Նա ասաց, որ իրենք 3 կետ են մատնանշել. «Առաջինը կադրայինն է. մենք կարծում ենք, որ կադրային քաղաքականությունը շատ վատն է: Երկրորդը խոստումներն են, որոնք դրժվել են (մենք հետևելու ենք խոստումների կատարմանը): Երրորդ կետը՝ լինել բոլորի վարչապետը. մենք միշտ քննադատել ենք հայտնի «սևերի ու սպիտակների» պատմությունը»:
Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ արդյունքները միանշանակ կարող էին շատ ավելի լավը լինել. «Եթե կառավարությունը լիներ ավելի լսող, մի քիչ ավելի ներառական մոտեցում ցուցաբերեր, եթե այդ վեհ գաղափարները որոշներին չկտրեին մայր հողից: Երբ մի բան ենք ասում, պատասխանում են՝ ժողովրդի պատգամավորին ոնց եք նման բան ասում. բա ընդդիմությունը էդ ո՞ր ժողովրդի պատգամավորն է. տարբե՞ր ժողովուրդներ են մեզ ընտրել»:
Խոսելով տարածքների համաչափ զարգացման մասին, Էդմոն Մարուքյանն ասաց. «Պարոն Պապիկյան, իներցիան շարունակվում է, բեկումնային բան պետք է անեք: Որտեղ ձեզ պետք էր, տեղական ընտրություններն արագ արեցիք: Երեկ Գյումրիում Վենետիկ էր դարձել՝ մարդիկ գանդոլաներ էին հանել»:
Դիմելով վարչապետին՝ Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Այս կատարողականը եթե չընդունվի, հետևանքը ո՞րն է՝ չունի հետևանք. սա է մեր ԱԺ կանոնակարգն ու Սահմանադրությունը, հիմա մենք կամք ունե՞նք փոխելու»:
«Ելնելով էքստրաօրդինար հանգամանքներից՝ «Լուսավոր Հայաստանը» այս անգամ կողմ կքվեարկի բյուջեի կատարողականին»,- ամփոփեց իր ելույթը Էդմոն Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































