Արցախում տեղի ունեցող իշխանական դասավորումները և 2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ այս օրերին տեղի ունեցող զարգացումները խիստ ուշագրավ են։ Ինչպես հայտնի է՝ օրերս Արցախի ոստիկանապետի պաշտոնում նշանակվեց Լևոն Մնացականյանը, որոշ չճշտված լուրերի համաձայն՝ Վիտալի Բալասանյանից հետո ԱԽ քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանը։ Մնացականյանը, հիշեցնենք, Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը թողեց այն բանից հետո, երբ նրա ենթական ֆեյսբուքյան իր էջում քննադատության էր ենթարկել Սասուն Միքայելյանին, Արշավիր Ղարամյանի պաշտոնանկությունն էլ կապված էր Արցախում տեղի ունեցող որոշ ներքին խմորումներով, և եթե նրա նշանակումը հաստատվի՝ կստացվի, որ այն ընդամենը ժամանակավոր բնույթ է կրել կրքերը հանդարտեցնելու նպատակով։ Ի դեպ, Ղարամյանը ևս իր գրառումներով և կեցվածքով հայտնի է որպես հակափաշինյանական գործիչ։ Զուգահեռ այս նշանակումները՝ ըստ որոշ տեղեկությունների, կապված են Արցախում Սամվել Բաբայանի ակտիվությամբ։ Եթե Բաբայանին չհաջողվի ստորագրահավաքի միջոցով սահմանադրական փոփոխություններ իրականացնել և առաջադրվել որպես նախագահի թեկնածու՝ Արցախում չեն բացառվում փողոցային գործողությունները, ինչի ժամանակ էլ Արցախի նախագահ Բակո Սահակյանին անհրաժեշտ կլինի յուրայիններից կազմված ուժեղ ուժային հենարան։
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Լևոն Մնացականյանի նշանակումը կապում է Արցախում առաջիկայում սպասվող իրադարձությունների հետ. «Դուք գիտեք, որ Սամվել Բաբայանը ստորագրահավաք է նախաձեռնել Սահմանադրության փոփոխության համար և չի բացառվում, որ այդ գործընթացը նաև փողոցային ակցիաներով տեղի ունենա, ուստի Լևոն Մնացականյանի նշանակումը պայմանավորված է այդ հանգամանքով»։
Ըստ Խանումյանի՝ Բակո Սահակյանին անհրաժեշտ է լոյալ, ամեն հրաման կատարող ոստիկանապետ. «Ինչ վերաբերում է ԱԽ քարտուղարի նշանակմանը, երբ կլինի՝ այն ժամանակ կարող ենք մեկնաբանել, բայց պետք է նշել, որ Արցախում Անվտանգության խորհրդի քարտուղարի դերակատարությունը շատ փոքր է և չունի այնպիսի նշանակություն, ինչպես Հայաստանում։ Փաստորեն նախագահի սովորական խորհրդական է, ուրիշ ոչինչ»։
Պատգամավորը նաև հավելեց՝ Սամվել Բաբայանն արդեն իսկ գրանցել է հաջողություն, համապատասխան ստորագրությունները հավաքվել են. «Հետագայում պետք է այլ գործընթացներ լինեն՝ ԱԺ, Գերագույն դատարան, հանրաքվե և այդ ընթացքը կարող է զուգորդվել փողոցային ակցիաներով»։
Ըստ Խանումյանի՝ Բակո Սահակյանն ամեն ինչ անելու է, օգտագործելու է բոլոր մեթոդները ապօրինի իշխանության վերարտադրության համար. «Ես միանգամայն վստահ եմ, որ իր ցանկացած թեկնածուին անցկացնելու համար նա ամեն քայլի դիմելու է։ Չեմ կարծում, թե նա անձամբ կառաջադրվի, խոսքն իր ցանկալի թեկնածուին անցկացնելու համար է, փորձելու են ընտրությունների արդյունքների վրա ապօրինի ձևով ազդել»։
Մեր հարցին, թե արդյոք Արայիկ Հարությունյանն է լինելու այդ թեկնածուն, Հայկ Խանումյանը պատասխանեց. «Կարող է վերջիվերջո ինքը լինել, բայց այս պահին իշխանության մեջ մի քանի թեկնածուներ կան, չգիտեմ, թե Բակո Սահակյանն ում թեկնածության վրա կանգ կառնի»։
Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, ասաց. «Այն, որ պարոն Վիտալի Բալասանյանը չափից դուրս շատ անկեղծորեն արտահայտեց իր և որոշակի շրջանակների կարծիքը և դրանով որոշակի կարմիր գիծ էր հատել՝ դա պարզ էր։ Պարզ էր նաև, որ այդ ամենի արդյունքում նա պետք է հրաժարական տար՝ առավել ևս այն պարագայում, երբ պատրաստվում է առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններում։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը իրեն միանգամից դարձնում էր այսօրվա իշխող խմբավորման պաշտոնական թեկնածու, ինչը ռիսկերով լի քայլ կլիներ։ Հիմա նա այլևս պետական պաշտոն չի զբաղեցնում և արտահայտում է իր կարծիքն ու մոտեցումները»։
Արդյոք Երևանը պե՞տք է միջամտություն ունենա այդ ընտրություններին՝ իրեն լոյալ նախագահ ապահովելու համար, հարցին ի պատասխան, Արմեն Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես միջամտություն բառը իմաստազուրկ եմ համարում, որովհետև այս դեպքում միջամտելը նույնը կլինի, ինչ, ասենք, թե միջամտում ենք Շիրակի կամ այլ մարզի գործերին։ Պետք է դիտարկել որպես միասնական տարածք և նորմալ կլիներ, բայց, քանի որ այստեղ կա կառավարման առանձնահատկություն՝ ԱԺ, նախագահի ինստիտուտ, այս իմաստով շատ նորմալ կլիներ, որ իշխող ուժն այստեղ ունենար պաշտոնյաներ՝առանց երկիմաստությունների, ու ընտրողները բացահայտ իմանային, որ այս թեկնածուն Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղպայմանագրի» պարտնյորն է։ Ես կարծում եմ՝ դա լուծում կլիներ, կհաղթեին, թե ոչ՝ այլ հարց է, բայց իրենք կունենային որոշակի ազդեցություն, ու այդ դեպքում սրացումները կմեղմվեին»։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատեց, որ այսօր ՀՀ կառավարությունը փորձում է ձեռնպահ մնալ նման զարգացումներից. «Դա է վկայում այն թեզը, որ առաջ են քաշել ՀՀ իշխանությունները. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնուրույն է, ինքն է որոշում իր ճակատագիրը, դա միջազգային ատյաններում շատ է շահարկվում, ու մենք էլ նշում ենք՝ բոլոր հարցերով իրենց դիմեք։ Բացահայտ ցույց տալ, թե թեկնածուն ինձ է ներկայացնում, խնդրահարույց է»։











































