Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն հայտարարել է մարզական կարիերայի ավարտի մասին: 41-ամյա Ռիվալդոյի վերջին ակումբը եղել է բրազիլական «Մոժի-Միրին»-ը:
«Այսօր արցունքն աչքերիս ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել Աստծուն, ընտանիքիս և բոլոր նրանց, ովքերի վերջին 24 տարիներին սատարել են ինձ:
Այսօր բոլոր երկրպագուներիս տեղեկացնում եմ, որ մարզական կարիերաս ավարտված է: Եղել են բազմաթիվ խոչընդոտներ, խնդիրներ, մերժումներ, հիասթափություններ, բայց ավելի շատ եղել է ուրախություն, նվաճումներ, զարգացում»,- Instagram-ի իր էջում գրել է Ռիվալդոն:
Մարզական կարիերայի ընթացքում Ռիվալդոն հանդես է եկել «Բարսելոնա», «Միլան», «Օլիմպիակոս», «Դեպորտիվո», «Պալմերիաս», «Կորինտիանս», «Կրուզեիրո» ակումբներում:
Նա 1999թ. ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:







































