ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում բարձր մակարդակի բանակցություններն ավարտվել են կեսգիշերից հետո: Որպես միջնորդ հանդես եկող Կատարն ու Պակիստանը հայտարարել են «խրախուսող առաջընթացի» մասին:
Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «Բարձր մակարդակի կոմիտեն» համաձայնեցրել է «ճանապարհային քարտեզ՝ մինչև 60 օր ժամկետում վերջնական գործարքի հասնելու համար»: Այս շաբաթ կշարունակվեն տեխնիկական բնույթի բանակցությունները։
Բանակցություններում ԱՄՆ-ն ներկայացնում էին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչպես նաև Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Իրանական պատվիրակության կազմում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Աբբաս Առաղչին։
Հիշեցնենք՝ շաբաթ օրը Թեհրանը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը կրկին փակվել է՝ ի պատասխան Լիբանանին հասցված իսրայելական հարվածների, ինչն իրանական կողմն անվանել է ԱՄՆ և Իրանի նախագահների ստորագրած փոխըմբռնման հուշագրի խախտում։ Ամերիկյան զինվորականներն ի պատասխան հայտարարել են, որ դա այդպես չէ, և նեղուցում նավերի տեղաշարժը շարունակվում է։
«Իրանը պետք է անհապաղ ստիպի Լիբանանում իր բարձր վարձատրվող պրոքսիներին դադարեցնել անկարգություններ ստեղծելը։ Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժգին հարված կհասցնենք Իրանին, ճիշտ այնպես, ինչպես անցյալ շաբաթ, միայն թե ավելի ուժգի՛ն»,- իր «Truth Social» սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մի՞թե նրանք չեն հասկանում, որ եթե իրենց սպառնալիքներն որևէ ազդեցություն ունենային, իրենք չէին հասնի այսօրվա հուսահատության վիճակին: Մենք հաշվի չենք առնում ամերիկյան սպառնալիքները»,- ի պատասխան հայտարարել է Ղալիբաֆը։
Վենսը Շվեյցարիա է ժամանել կիրակի առավոտյան, իսկ իրանական պատվիրակությունն այնտեղ էր թռել նախորդ օրը։ Շվեյցարիա են ժամանել նաև Իրանի անվտանգության ծառայությունների, Կենտրոնական բանկի և նավթային ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։








































