Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ ոչ իշխանական քառյակը պայքարում է իշխանության գալու համար, դա պայքարն է այն մարդկանց, ովքեր եղել են իշխանության: ՀՀԿ-ական պատգամավորը ամենայն հավանականությամբ ակնարկում է, որ քառյակի հետևում է Ռոբերտ Քոչարյանը: Թեև առանց Քոչարյանի էլ ակնհայտ է, որ քառյակում են ուժեր, որոնք կոնկրետ եղել են ՀՀԿ-ի հետ իշխանական միևնույն համակարգում:
Իշխանական ռևանշի թեման Հայաստանում ներքաղաքական պրոցեսները ուղեկցել է միշտ, և գործող իշխանությունները միշտ փորձել են ռևանշով ազդել հասարակական մտքի վրա: Ռոբերտ Քոչարյանը իր նախագահության ընթացքում, առնվազն առաջին կեսին պարբերաբար հիշեցնում էր ՀՀՇ-ի ռևանշի մասին` ընդդիմադիր ուժերի հետևում տեսնելով ՀՀՇ-ի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի ականջները: Սերժ Սարգսյանը ոչ նույնքան բաց տեքստերով, սակայն բավական թափանցիկ ակնարկներով փորձում է պաշտպանվել Ռոբերտ Քոչարյանի ռևանշով: Ասել, որ այս ամենում իրականություն չկա` սխալ կլինի: Ավելին` այդ ամենը հենց այդպես էլ երևի թե կա: Բայց հասարակությանը հուզող հարցն այստեղ այլ պետք է լինի:
Ի՞նչ անել, երբ Հայաստանում անընդհատ տեղի է ունենում իշխող համակարգի ներքին պայքար, հաճախ ռևանշիզմի մոտիվներով, և այդ պայքարը ինչքան թուլացնում է համակարգը, այնքան էլ միևնույն ժամանակ նպաստում այդ համակարգի ավելի ու ավելի սահուն վերարտադրմանն ու ինքնապահպանմանը: Յուրօրինակ պարադոքս է իհարկե՝ մի կողմից քայքայվող համակարգ, մյուս կողմից` ավելի ու ավելի հեշտ վերարտադրվող: Հասարակությունը պետք է գտնի հարցի պատասխանը` իսկ ի՞նչ անել, որպեսզի Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով չպաշտպանվի, որ ՀՀԿ-ի այլընտրանքը ԲՀԿ-ն չլինի: Հասարակությանը պետք է գտնել այդ հարցի պատասխանը, ու այն պետք է փնտրել այլևս ներկայիս քաղաքական դաշտի իշխանական ու ոչ իշխանական հատվածից դուրս:
Որպես սկիզբ երևի թե պետք է հանրային համաձայնություն կայացվի այդ հարցի շուրջ, որովհետև այդ շրջանակում որոնումները բերելու են անընդհատ տեղապտույտի և ցիկլի, անընդհատ նույն փաստարկների, ցինիզմի ու երեսպաշտության կրկնությանը: Ակնհայտ է, թե քաղաքական դաշտում այսօր ինչ հարց է լուծվում՝ այսօր լուծվում է ներկայիս ստատուս քվոյի պահպանման հարցը: Որևէ այլ հարց այդ շրջանակում չի լուծվում և չի կարող լուծվել, քանի որ միմյանց բազմաթիվ օղակներով կապված շրջանակն այսօր արդեն կապված է շատ ավելի ամուր մի բանով՝ ռուսական պարանով կամ օղակով: Հետևաբար հասարակության համար խնդիրը այդ օղակի մեջ չհայտնվելն է: Եթե հանրությունը կարողանում է դուրս գալ այդ օղակից, ապա կասկած չկա, որ ստանում է հետագա գործընթացներում արդյունավետ մեխանիզմներ գտնելու հնարավորություն: Եթե ոչ, ապա Հայաստանում իրադարձությունների զարգացման վրա հանրությունը որևէ ազդեցություն ունենալ չի կարող ու ենթակա է առկա քաղաքական համակարգի մանիպուլյացիաներին` անխուսափելիորեն:
Ռևանշիզմի թեզն այդ մանիպուլյացիաներից մեկն է, որը խաղարկվելու է անվերջ, եթե հանրությունը վերջ չի դնում առկա քաղաքական համակարգի հետ փոփոխությունների հույսերին և ձեռնամուխ չի լինում նոր մեխանիզմներ, նոր բանաձևեր գտնելու կոնկրետ աշխատանքի: Դրա փոխարեն, հանրությունն առայժմ շարունակում է հարցադրումները քաղաքական առկա համակարգի դերակատարներին, ներկայացնում ինչ-որ պահանջներ, սպասում ինչ-որ որոշումներ: Այդպիսով, լեգիտիմացվում է այն մանիպուլյացիան, գլոբալ մանիպուլյացիան, որ համակարգի տարբեր սեգմենտները համակարգված կամ բնազդաբար իրականացնում են իրենց քարոզչական ռեսուրսներով և պահում շրջանը:
Այսինքն` այլևս ավելի ու ավելի հասարակությունն է պատասխանատուն այն քաղաքական խաբեության, որին ենթարկվում է քաղաքական առկա համակարգի կողմից: Հասարակությունը տվյալ դեպքում հնչում է, իհարկե, ընդհանրական: Խոսքը հասարակական-քաղաքական ակտիվ դերակատարների մասին է, որոնք հասարակությանը կազմակերպելու հայտ են ներկայացնում և խոսքի մակարդակում հանդես են գալիս առկա քաղաքական համակարգի քննադատությամբ:
Խնդիրն այն է, որ խոսքով քննադատելով այդ համակարգը` հասարակական-քաղաքական ակտիվ դերակատարների մեծ մասը հանրությանն առաջարկում են կա՛մ ոչինչ, կա՛մ նույնանման մի համակարգ` պարզապես տարբեր անուններով և տարբեր հավակնորդներով: Դա էլ դառնում է նոր առաջարկների հանդեպ հասարակական անտարբերության հիմնական պատճառներից մեկը, գործընթացն այդպիսով թողնելով 22-ամյա ճահճում, որտեղ կփոխարինեն իրար, սեր կխոստովանեն, հետո կբաժանվեն, հետո կմեղադրեն իրար ռևանշիզմի համար ու կշարունակեն վայելել երկրային արքայությունը` հասարակությանը արհեստավարժորեն զրկված պահելով իրենց գործերին միջամտելու հնարավորությունից և սաստելով՝ դուք քաղաքականությունից բան չեք հասկանում:








































